Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ևս 95 հայ զինծառայողի մարմին․ ՊՆ

Ադրբեջանական կողմն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հայաստանին է փոխանցել ևս 95 հայ զինծառայողի դի։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Վերադարձված մարմինները, Թորոսյանի խոսքով՝ ավելի վաղ ՀՀ կառավարության հրապարակած 207 զոհերի և անհետ կորածների թվում են։

Նախօրեին կառավարությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Ադրբեջանը Հայաստանին նաև 32 հայ զինվորների մարմիններ էր հանձնել սեպտեմբերի 17-ին։

Մեկնաբանել