Ո՛չ նորմալ ոչմիթիզական դարձանք, ո՛չ էլ խաղաղարար

Արշալույս Մղդեսյան

Ադրբեջանը, որին Հայաստանում կամ հայերի շրջանում գոնե մինչև Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ընդունված էր տարբեր մակդիրներով անվանել, մի քանի կարևոր բան է արել` ղարաբաղյան իր երազանքին հասնելու համար։

Հետ գնանք 2008 թվականի ռուս-վրացական պատերազմ: Հետո պարզվելու էր, որ այն վերջի սկիզբն է: Վերջ, որը դեռ չի ավարտվում, վերածվել է մղձավանջի: Ինչևէ։ 2008-ի օգոստոս, ռուսական զորքերը գտնվում են Թբիլիսիից 30-40 կմ հեռավորության վրա։ Հետխորհրդային տարածաշրջանը զգալի փոփոխության ենթարկած պատերազմի արդյունքներից Ադրբեջանն ու Հայաստանը տարբեր հետևություններ են անում։ Բաքուն գնում է Մոսկվայի հետ հարաբերությունների սերտացման, բայց ոչ միանշանակ ընտրություն անելու, իսկ Երևանը` եվրաինտեգրման ճանապարհով։

Հայաստանյան մեդիադաշտում սկսվում են Եվրոպա, թե Ռուսաստան աշխարհաքաղաքական ընտրություն կատարելու (այդ թվում արտաքին դերակատարների ակտիվ ինֆորմացիոն ներգործությամբ) անպտուղ քննարկումները: Հայաստանը քիչ-քիչ բացվում է աշխարհին, իսկ Ադրբեջանում ճնշում են ազատություններն ու իշխանության թույլտվությամբ խիստ զգուշավոր խոսում իրենց համար կարևոր թեմաների մասին։ Ով համաձայն չէ սաստկացող խաղի կանոններին, շատ արագ հայտնվում է ճաղերի հետևում կամ արտասահմանում: Կամ արտասահմանից «հրաշքով» տեղափոխվում է Ադրբեջան` ճաղվանդակներից ներս:

2011 թվականի մայիս – Ադրբեջանը դառնում է Չմիավորման շարժման անդամ` ապահովագրելով իրեն բլոկային ընտրություններից ու այդ կարգավիճակում մնալով մինչև օրս։

Մոտավորապես այդ ժամանակվանից Ադրբեջան են հոսում նավթադոլարների հսկայական ծավալներ։

2011 թվականի հունիս – Ալիևը Կազանում մերժում է ստորագրել հայտնի փաստաթուղթը՝ մինչ այդ փաստացի վիժեցնելով նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացը։

Ուժերի բալանսի՝ ոչ ի օգուտ Հայաստանի փոփոխությանը զուգահեռ փոխվում է մինչ այդ գործող բանակցային հավասարումը։ Այն է` Հայաստանը կողմ է որևէ փաստաթղթի, դեմ է Բաքուն․ «գնացեք ու Ալիևին ճնշեք՝ թող ստորագրի, ու Հայաստանից վազն անցեք»։ Հիշենք, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հայտնի պատմությունը՝ իր, Ելցինի ու հայր Ալիևի մասնակցությամբ։

Ստատուս քվոյի անընդունելի լինելու մասին սկսում են ավելի հաճախ հայտարարել միջնորդները, ինչին Հայաստանը պատասխանում է` դա կփոխվի, երբ ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։

Ադրբեջանը սպառազինության միլիարդավոր դոլարների (շուրջ 5 մլրդ դոլարի) պայմանագրեր է կնքում Ռուսաստանի հետ՝ դառնալով այդ երկրի ռազմարդյունաբերական արտադրանքի խոշորագույն գնորդներից մեկը: Ի դեպ, սպառազինությունը գնում է շուկայական գնով: Ու դրա մասին հայտարարում բաց, մերթընդմերթ ցուցադրում ՌԴ-ից ստացած զենքի մեծ խմբաքանակները՝ ձեռքի հետ համապատասխան տրամադրություններ գրգռելով Հայաստանում ու էլ ավելի սրելով Հայաստանի՝ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև ընտրություն անելու օրակարգը։ Սրան մեծ ուշադրություն չեն դարձնում ՌԴ-ում՝ մտածելով, որ հայերը տեղ չունեն փախչելու: Հայաստանում ընկճվում, ջղայինանում, բայց կտրուկ քայլերի չեն դիմում` մտածելով նախ տեղ չունենք փախչելու, հետո ներշնչում, թե Ռուսաստանը պատերազմ թույլ չի տա: Մեկ է՝ ուժերի բալանսի երաշխավորն ինքն է:

Ադրբեջանը սպառազինության, հատկապես բարձր տեխնոլոգիական զինատեսակների (հարվածային և հետախուզական ԱԹՍ-ներ, Լորա տեսակի հեռահար հրթիռներ, նորագույն ՀՕՊ համակարգեր) գնման միլիարդավոր դոլարների պայմանագրեր է կնքում Իսրայելի հետ։ Հերիք չէ, որ այդ զինատեսակները ՌԴ-ում չկան, իսկ որոշ տեսակներ էլ Ռուսաստանը չի մատակարարի (օրինակ` Իսկանդեր հրթիռներ)՝ Ադրբեջանը Մոսկվային չի անտեսում: Վարվում է շատ զգույշ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – Իսրայելից սպառազինություն ձեռք բերելու գործարքներն իրականացնում են նաև ռուսաստանյան համապատասխան ֆինասական կառույցների միջոցով․ ռուսները փայ են ստանում ու չեն նեղանում՝ ничего личного, просто бизнес:

Զուգահեռ Ադրբեջանը տրցակներով եվրապատգամավորների և եվրոպական կառույցներում պաշտոնյաների է առնում: Աշխատում հետները ազգային ու վերազգային մակարդակներում: Ռուսաստանում գործող ադրբեջանցի օլիգարխիայի հետ բարեկամանում, փորձագետների մի մեծ բանակ վարձում, ԶԼՄ-ներ կաշառում: Հայաստանում, հակառակը, քիչ-քիչ գժտվում են այնտեղ ապրող ազդեցիկ հայերի, մեդիամագնատների հետ: Կարճ ասած՝ Հայաստանում չեն ցանկանում կամ չեն կարողանում օգտագործել այդ ռեսուրսը, ու ոչ միայն քնեցնում են այն, այլև սուր ծայրով ուղղում իրենց դեմ: Դրանում մեծ դեր են ունենում նույն այդ ազդեցիկ ռուսաստանցի հայերը` չհամակերպվելով իրենց պատկերացրած ուրվապատկերից դուրս եկած Հայաստանի հետ:

Հայաստանում ավելի ուժգին են սկսում ծաղրել Ադրբեջանին` Քիլդիմ մուլտֆիլմեր են նկարում` սրելով հակառակորդին թերագնահատելու միտումները: Զուգահեռ ուժեղանում է «ոչմիթիազականությունը»` «հող տվողին հանձնենք հողին» կոչերով: Չնայած այդ ընթացքում շփման գծում իրավիճակը շարունակվում է անշեղորեն սրվել: Նախ՝ կրակոցներ, հետո դիպուկահարների դուելներ, ինչ-որ պահից սկսում է աշխատել հրետանին, դիվերսիոն հարձակումներ, կիրառվում են տանկեր: Քիչ-քիչ սկսում է լսվել իսկական պատերազմի ձայնը:

Ի դեպ, իրականում, ո՛չ նորմալ ոչմիթիզական դարձանք, ո՛չ էլ խաղաղության ձգտող: Դրեյֆերի մեջ էինք….

Կարճ ասած, Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, դրա մասին բաց տեքստով մի քանի անգամ զգուշացնում է Սամվել Բաբայանը: Իշխանությունը չլսելու է տալիս, հասարակությունը չի ցանկանում հավատալ լսածին:

2015 թվական – Ռուսաստանը զորքեր է մտցնում Սիրիա՝ այս տարածաշրջանում, ըստ էության, ներկայացնելով առաջատար դերակատարի հայտ: Հայաստանին առաջարկվում է հայտնի Լավրովի պլանը կամ Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը` հայտնի հինգ, հետո ևս երկու շրջանները հանձնել Ադրբեջանին, Արցախին տալ միջանկյալ կարգավիճակ (ի դեպ, այս հարցում միանշանակ չեն Երևանի ու Մոսկվայի պնդումները) ու ռուսական խաղաղապահներ տեղակայել հակամարտության գոտում: Կարճ ասած, Ղարաբաղյան կարգավորումը շարժել տեղից, բավարարել Ադրբեջանի ցանկությունների մի մասն ու կտրուկ սառեցնել:

Պատճառը մեկն էր․ Ռուսաստանը, մտնելով Սիրիա, հայտնվել էր Թուրքիայի թիկունքում, մտավախություն ուներ, որ Թուրքիան էլ կհայտնվի իր սիրիական ճակատի հետևում՝ ապակայունացնելով իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում:

Հիշո՞ւմ եք մեկ գիշերվա մեջ ԵԱՏՄ-ում հայտնված Հայաստանն այդ ընթացում ինչ էր անում: Ճիշտ է, նոր սահմանադրություն էր գրում: Տեր-Պետրոսյանը նախագահ Սերժ Սարգսյանին նամակով զգուշացնում էր վերահաս վտանգի մասին, առաջարկում հետաձգել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Ապարդյուն։

Հայաստանը Սերժ Սարգսյանի, իսկ հետո Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ փաստացի մերժում է ռուսական առաջարկները: Մեկը ժամանակ ձգեց, մյուս փորձեց «կոնվեյերից ցատկել» ու իր «կետից սկսել»: Արդյունքում՝ պատերազմ, Թուրքիայի մասնակցություն: Խնդիրը չլուծվեց ռուսական, «լուծվեց» ռուս-թուրքական տարբերակով: Արդյունքում, ԼՂԻՄ-ի տարածքից մնաց 70 տոկոսը` Հայաստանի հետ կապված նեղ պորտալարով, որի լայնությունը կարող էր լինել 20 կմ՝ ներկայիս 5 կմ-ի փոխարեն:

Չենք խոսում, որ Քարվաճառ/Քելբաջարը անորոշ ժամանակով կարող էր մնալ հայկական վերահսկողության տակ:

Հետո սկսվեց ուկրաինական պատերազմը, ճաքեր տվեց նաև հետպատերազմյան ստատուս-քվոն: Բայց սա այլ խոսակցության առարկա է…

Մեկնաբանել