Ռուսաստանի մասին հայաստանցիների ընկալումները․ 2011-ից ի վեր իջնող թվեր

Լուսինե Վարդանյան

Սեպտեմեբրի 13-14-ին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սահմանների վրա հայ հանրության շրջանակում դեպի Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը խիստ դժգոհություն է առաջացրել։ Վերջին օրերին Երևանի փողոցներում ցույցեր էին՝ կառույցից դուրս գալու կոչերով։ ՀԱՊԿ-ի անգործության մասին քննադատական են արտահայտվել նաև հայ պաշտոնյաները։

Ռուսաստանի նկատմամբ ընկալումները վերջին տարիներին հասկանալու նպատակով ուսումնասիրել ենք «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան»-ի (CRRC Armenia) 2011-2021 թվականների սոցիոլոգիական հետազոտությունները։

2011-ին, օրինակ, Հայաստանում հարցվածների 81 տոկոսը Ռուսաստանը համարում էր Հայաստանի ամենամոտ բարեկամ երկիրը, 2012-ին այդ թիվը 77 տոկոս էր, 2013-ին՝ 83 տոկոս, իսկ 2015-ին՝ 74։ 2015-ին Հայաստանը, մի քանի տարի շարունակ բանակցելով Եվրամիության հետ Ասոցացման և ազատ առևտրի համաձայնագրեր ստորագրելու ուղղությամբ, հանկարծ՝ Մոսկվայի ճնշման տակ, միացավ Եվրասիական տնտեսական միությանը՝ հրաժարվելով ԵՄ-ի հետ ասոցացումից։ Սա միանշանակ չընդունվեց Հայաստանում։

2016-ի ապրիլին եղավ Քառօրյա պատերազմը։ Չնայած կարծիքին, որ Ռուսաստանը Հայաստանի թիկունքին է և օգնում է զենքով՝ մեծացավ դիսկուրսը, որ Ռուսաստանը Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք է վաճառում։

Այն ժամանակվա ընդդիմադիր գործիչ, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Ռուսաստանն է հրահրել պատերազմը։ Թերևս հենց Ապրիլյան պատերազմի ֆոնին է, որ 2017-ին Ռուսաստանը ամենաբարեկամական երկիր համարող հարցվածների թիվն ընդամենը 64 տոկոս էր՝ նախորդ 74 տոկոսի համեմատ։

2020-ականների հրապարակումներում Ռուսաստանի բարեկամության ընկալումը Հայաստանում իջել է 57 տոկոսի։ Սա կարող ենք կապել 2018-ի Թավշյա հեղափոխության հետ։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հանրության շրջանում ընկալվում էր որպես արևմտամետ իշխանություն։

Իսկ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո 2021-ի դեկտեմբերին սկսված և 2022-ի փետրվարին ավարտած հարցումներում Ռուսաստանի նկատմամբ բարեկամական ընկալումը հասել է պատմական նվազագույնի՝ 35 տոկոսի։

Պատերազմից հետո, չնայած Արցախում ռուս խաղաղապահների ներկայությանը, ժամանակ առ ժամանակ տեղի էր ունենում Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառում։ Օրինակ, 2020-ի դեկտեմբերին Ադրբեջանը գրավում է Արցախի Հադրութի շրջանից մնացած վերջին կտորը՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, գերեվարում հայ զինծառայողների։

Հարկավոր է նաև նշել, որ այս գործընթացին զուգահեռ, ըստ հարցումների, Ֆրանսիան որպես ամենաբարեկամական երկիր համարողների թիվը աճել է՝ 2011-ի 7 տոկոսից 2021-2022-ին դառնալով 36 տոկոս։ 44-օրյա պատերազմի օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես էր գալիս Հայաստանին աջակցող հայտարարություններով։

***

Ռուսաստանը պատմականորեն Հայաստանում ընկալվում է որպես բարեկամ երկիր և ամենակարևոր դաշնակից։ Ռուսաստանում ոչ պաշտոնական թվերով ապրում է մոտ 2 միլիոն մարդ։ Ռուսաստանը նաև Հայաստանի տնտեսական ամենամեծ դաշնակիցն է։ Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2021-ին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 2,63 մլրդ դոլար։ Ռուսաստանի հետ առևտուրը կազմում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 31,4 տոկոսը, իսկ ԵԱՏՄ երկրների հետ առևտրի 96 տոկոսը։

Ռուսաստանը կշիռը Հայաստանից արտահանումների մեջ կազմում է 28 տոկոս, իսկ ներմուծումը (ըստ ծագման երկրի) ուղիղ մեկ երրորդը՝ 33,3 տոկոս։ 1995-ից Ռուսաստանը գլխավորում է Հայաստանի առևտրային գործընկերների աղյուսակը։

Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի՝ 2011-2020-ին Հայաստանի՝ զենքի ամենախոշոր մատակարարը ևս Ռուսաստանն է, որին բաժին է ընկել Հայաստանի ռազմական գնումների 93,7 տոկոսը։

Մեկնաբանել