Վիճելի տարածքային հարցերի լուծումը ՌԴ օգնությամբ հայ-ադրբեջանական սահմանազատման աշխատանքն է․ Պուտին

Ադրբեջանի և Հայաստանի միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի մոտ, Մոսկվան կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, օտարերկրյա պետությունների դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ընդգծեմ, մեզ համար մոտիկ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում։ Մենք բոլորին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը և վճռականորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,- ասել է ՌԴ նախագահը։

Ըստ Պուտինի` «Վիճելի տարածքային հարցերի» լուծումը Ռուսաստանի խորհրդատվական օգնությամբ հայ-ադրբեջանական սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում աշխատանքն է։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ՀԱՊԿ-ի գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև սրումը նվազեցնելու ուղղությամբ։

«Նոյեմբերին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ ամենամյա գագաթնաժողովը։ Ցանկանում եմ նշել, որ Կազմակերպության գծով միջոցներ են ձեռնարկվում հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի սրման հետ կապված։ Բախման գոտի է ուղարկվել հատուկ առաքելություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Նրան հանձնարարվել է Հավաքական անվտանգության խորհրդի համար առաջարկներ պատրաստել՝ հիմնվելով գործերի վիճակի ուսումնասիրության արդյունքների վրա»,- ասել է Պուտինը։

Մեկնաբանել