Արթուր Վանեցյանի գործարար հորեղբորորդին խոշոր ընկերություն է գնել Ռուսաստանում

Ամերիկյան Bunge ագրոարդյունաբերական ընկերություն

Մկրտիչ Կարապետյան

Ամերիկյան Bunge ագրոարդյունաբերական ընկերությունը Ռուսաստանում իր ակտիվները վաճառել է գործարար Կարեն Վանեցյանին՝ Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար տնօրեն Արթուր Վանեցյանի հորեղբորորդուն։ Այդ մասին հայտարարել է Bunge ընկերությունը։

Bunge-ն հիմնադրվել է երկու դար առաջ Ամստերդամում, իսկ այժմ գործունեություն է ծավալում ավելի քան 40 երկրներում։ Ընկերությունը զբաղվում է գյուղմթերքի զանգվածային արտադրությամբ, ունի սոյայի, ձեթի, մարգարինի, բրնձի, ընդեղենի, ալյուրի, մսամթերքի արտադրություն։ Բացի այդ, Bunge-ն կազմակերպում է գյուղմթերքի տրանսպորտային տեղափոխումը, ունի իր հետ համագործակցող ֆերմերների խոշոր ու կայուն շրջանակ։ 2021-ին ընկերության զուտ եկամուտը գերազանցել է 2 մլրդ դոլարը, աշխատակիցների թիվը մոտ 23 000 է։ Bunge-ին են պատկանում մի քանի տասնյակ հայտնի բրենդեր, Ռուսաստանում ընկերությունը հայտնի է իր «Օլեյնա», «Մասլենիցա», «Սեմյոնովնա», «Իդեալ», Golden drop բուսական յուղերի ու ձիթայուղերի արտադրությամբ։ Կարեն Վանեցյանը ձեռք է բերել Bunge-ի հենց ռուսաստանյան բիզնեսը։

Bunge-ն Ռուսաստան մուտք է գործել 2004-ին և անմիջապես դարձել բուսական յուղի արտադրության հսկաներից։ 2020-ի տվյալներով՝ ընկերությանն է պատկանում ռուսական բուսական յուղի շուկայի 10,3 տոկոսը։ Ընկերությունը Վորոնեժի մարզում 2008-ին շահագործման է հանձնել բուսայուղի արտադրությունը կազմակերպող հզոր գործարան, որը թույլ է տալիս տարեկան 200 միլիոն շիշ ձեթ արտադրել։

Կարեն Վանեցյանը ագրոարդյունաբերության ոլորտում ունի մեկ այլ ընկերություն՝ Exoil Group-ը, որը գործունեություն է իրականացնում Ուկրաինայում՝ դարձյալ բուսական յուղի շուկայում, զբաղվում է նաև հացահատիկի վերամշակմամբ։ Այս ընկերության բաժնետերերից ու տնօրենների խորհրդի անդամներից մեկն էլ Միխայիլ Զուրաբովն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12,5 տոկոսի բաժնետերը։ Ռուսական Bunge-ի վաճառքի մասին սկսել էր խոսվել դեռ այս տարվա հունիսի վերջին՝ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների համատեքստում։

Bunge-ի վաճառքի գործարքի գինը չի հրապարակվում, գործարքը վերջնական ձևակերպվելու է ռուսական կարգավորող մարմինների ընթացակարգերն անցնելուց հետո։

Մեկնաբանել