ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել, համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրվել է, հայտնում է RBC-ն։
Տեսաուղերձում Պուտինը որոշումն անվանել է «լիովին համարժեք այն սպառնալիքներին», որոնց բախվում է երկիրը։ «Մոբիլիզացիան անհրաժեշտ է Ռուսաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ժողովրդի և ազատագրված տարածքներում մարդկանց անվտանգությունն ապահովելու համար»», – պարզաբանել է նա։
«Զինվորական ծառայության կկանչվեն միայն այն քաղաքացիները, որոնք գտնվում են պահեստազորում, և առաջին հերթին նրանք, ովքեր ծառայել են զինված ուժերում, ունեն կոնկրետ ռազմական մասնագիտություններ և համապատասխան փորձ»,- ընդգծել է Պուտինը։ Նախքան զորամաս ուղարկելը ծառայության զորակոչվածներն անպայման լրացուցիչ զինվորական պատրաստություն կանցնեն՝ «հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության փորձը»։
Պուտինը խոստացել է, որ զորահավաքի շրջանակներում զորակոչված քաղաքացիները կստանան պայմանագրայինների կարգավիճակ, վճարումներ և սոցիալական երաշխիքներ։
Մոբիլիզացիոն աշխատանքները կսկսվեն չորեքշաբթի՝ սեպտեմբերի 21-ին։ Պուտինը շրջանների ղեկավարներին հանձնարարել է աջակցել զինկոմիսարիատների աշխատանքին։
Ընդհանուր առմամբ, մասնակի զորահավաքի շրջանակներում պահեստազորից զորակոչվելու է 300 հազար քաղաքացի, մինչդեռ Ռուսաստանի ընդհանուր մոբիլիզացիոն ռեսուրսը, այսինքն՝ նրանք, ովքեր ծառայել են, ունեն մարտական փորձ, ռազմական մասնագիտություն, գրեթե 25 միլիոն է, իր հերթին ՌԴ նախագահի տեսաուղերձից հետո հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Շոյգուն նաև հայտնել է պատերազմի յոթ ամիսների ընթացքում ՌԴ զինված ուժերի կորուստների մասին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում զոհվել է 5 937 զինվոր։
Հատկանշական է, որ օգոստոսի 19-ի դրությամբ BBC-ի ռուսական ծառայությունը հաստատել էր 5 701 զոհված զինվորների և սպաների մասին տեղեկությունը, սակայն Ուկրաինայի ՊՆ-ն ռուսական կորուստների մոտ երեք-չորս անգամ մեծ թիվ է ներկայացնում:
Ըստ Շոյգուի՝ ուկրաինական բանակի կորուստները գնահատվել են մոտ 61 000 զոհված և 49 000 վիրավոր զինվոր։