Վարչապետը հաղթեց զոհված զինվորների մայրերին

Զոհված զինվորի մորը Եռաբլուրից քաշքշելով ոստիկանություն տանելուց հետո ողջ զինվորն էլ, նրա մայրն էլ հարցական կնայեն։

Իսկ զինվորներ մեզ դեռ պետք են գալու։ Շատ են պետք լինելու։ Շատ զինվորներ։

Հասկանալի է, որ եղել է հրաման` Եռաբլուրից հեռացնել զոհված զինվորների ծնողներին։ Իսկ հիմա պատկերացրեք հրամանի պահը, ձևը, նախադասությունը, որ հնչել է երկրի ղեկավարի բերանից։ Իսկ այն անպայման հնչել է։ Չեմ տիրապետում, թե ինչ բառապաշարով է խոսում երկրի վարչապետը իրական կյանքում, բայց մոտավորապես պատկերացնում եմ։ Այդպիսի մի նախադասություն ձևակերպեք ինքներդ ձեզ համար ու լսեք այն, հնչեցրեք ու լսեք այդ նախադասությունը։

Առանց հրաման ձևակերպելու հնարավոր չէ կատարել հրամանը։

Մաքրել Եռաբլուրը զոհվածների մայրերից։

Կարմիր բերետավորները կատարել են հրամանը։

Նրանցից ոմանք էլ, վստահաբար, զոհված բարեկամ ունեն, ծանոթ, մտերիմ, չի բացառվում, որ նրանցից որևէ մեկի եղբայրն ու որդին էլ են զոհված։

Անբարոյության անկաշկանդություն, սիրելի քույրեր և եղբայրներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ։

Այն պահերին, երբ պտտում էինք հեռախոսի լրահոսը կամ կիսամեռ հեռուստաալիքները, լուրերի սպասելով, նրանց զավակները մեռնում էին։

Մեռած տղաների մայրերին հսկա կարմիրբերետավորները քաշքշելով տանում են ոստիկանություն։

Սոցիալական ցանցը երևակում է ամեն ինչ․ բացահայտ հիմնավորում են, թե «սրանք նախկինների կողմից են»։ Նրանք կարող են լինել անգամ նախկինների նախկինների կողմից, բայց պատերազմին զինվոր ունենալու համար զոհել են իրենց որդուն։

Ավելին ի՞նչ անեին։ Քաշքշելով ոստիկանություն բերման ենթարկել միայն այն պատճառով, որ վանկարկում են մի բան, որ ականջահաճո չէ՞ հմուտ վարչապետին։ Իսկ նրանք, ովքեր չեն վանկարկում, բայց Շուշիի, Սոթքի, Ջերմուկի հողին խառնված թողեցին իրենց որդուն՝ համամի՞տ են, հիացա՞ծ են։ Բոլորին տանելու եք ոստիականությո՞ւն։ Թողնելու եք վեց հարյուր հազար հա՞յ։

Չորս տարվա մեջ դեռ հիանալու ոչինչ չի եղել։ Ամաչելու՝ շատ։ Ողբալու՝ անչափ։ Վախենալու ու տագնապելու՝ անսահմանափակ։ Տանելու եք բոլորիս, որ չհիշվի՞։

Վտանգված անկախությունն այսօր երկրի հմուտ ղեկավարի շնորհիվ չէ, որ դեռ կա, դիվանագիտական աննկարագրելի հմտության շնորհիվ չէ, այլ կրտսեր սերժանտի, որը հարձակման պահին կողմնորոշվում է։ Կամ գերի է ընկնում ու սպանված վերադարձվում։

Մեզ դեռ զինվոր է պետք գալու։ Շատ զինվորներ։

Զոհված զինվորների մայրերին քաշքշելուց հետո շատ զինվորների մայրեր ու որդիներ կարող են հարցական նայել․․․

Ո՞ր երկրի համար, ո՞ր պետության, ո՞ր վարչապետի կոչով․․․

Մեկնաբանել