Անկախ Հայաստանի զորահանդեսները

Գևորգ Թոսունյան

Հայաստանի անկախությունից ի վեր առնվազն վեց անգամ Երևանում կազմակերպվել է զորահանդես, առաջինը 1992-ին էր։ Զորահանդեսն այդ տարի առանձնապես չէր «փայլում» ռազմական տեխնիկայով. Հայաստանը դեռևս պատերազմի մեջ էր։

1994-ին ևս Երևանում տեղի ունեցավ զորահանդես. «Զորահանդեսին մասնակցում էին Հայաստանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ինչպես նաև մեկ ստորաբաժանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակից՝ բանակի հրամանատար, 29-ամյա գեներալ Սամվել Բաբայանի գլխավորությամբ»,- գրում էր «Ազգ» թերթը։


Զորահանդեսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե չնայած կրած բոլոր դժվարություններին, Հայաստանը կարողացել է «ստեղծել 70-հազարանոց մարտունակ բանակ»։

Հաջորդը 1996-ի զորահանդեսն էր, որը գրեթե մնաց ստվերում. այդ տարիներին անհանգիստ էր քաղաքական դաշտը, իսկ տնտեսությունը դեռ ոտքի չէր կանգնել։

«1996-ին Հայաստանի տնտեսությունը, մեղմ ասած, այնքան էլ լավ վիճակում չէր, սակայն սեպտեմբերի 21-ի զորահանդես անցկացվեց։ Բայց ժամանակն ուրիշ էր՝ սեպտեմբերի 22-ին նախագահական ընտրություններն էին, և չափ ու սահման կորցրած ու ժողովրդական աջակցություն ունեցող ընդդիմությանը անհրաժեշտ էր վախեցնել»,- գրում էր «Առավոտ» օրաթերթը։

Ըստ թերթի՝ 1996-ի զորահանդեսից հետո իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին, որ սա «վերջին զորահանդեսն էր այս հազարամյակում, հաջորդը լինելու է միայն ուժեղացած և հզորացած տնտեսության դեպքում»։

Այդ հազարամյակում, սակայն, զորահանդես եղավ, սակայն ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության կամզակերպմամբ։ 1999-ին Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը հերթական զորահանդեսն անցկացրեց։

«Այս անգամ զրահատեխնիկան կոչված է ոգևորել Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցներին, որոնք արդյունքում պետք է բռունցքվեն ազգային գաղափարների շուրջ»,- գրում էին թերթերը։

Այդ տարի զորահանդեսին հետևում էին Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգյանը, այն ղեկավարում էր պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Հաջորդ զորահանդեսը կրկին Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք էր։ Այդ ժամանակ զորահանդեսը գլխավորում էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ ընդդիմությունը քննադատում էր իշխանությանը՝ անկախություն բերած մարտիկներին ուրանալու համար։

«Թուխս գողացող աղվեսի պես» վերտառությամբ խմբագրականում «Հայք» թերթը գրում էր.

«Բանականությունը ենթադրում էր նաև, որ վերջում հրապարակով կանցնեն 90-ականների սկզբներին ձևավորված Հայաստանի բոլոր մարզերի ջոկատների տղաները, ֆիդայինները, վետերանները… Նրանք պետք է անցնեին ժողովրդի առջևով, նրանց պետք է ողջուներ ժողովուրդը, բայց քանի որ անկախության շքերթը նախատեսված էր ժողովրդի համար որպես մտրակ, իսկ տրիբունաների համար՝ որպես ինքնահաստատման ստուգարք, դրան անկախության մարտիկները պիտի չմասնակցեին»։

2011-ի զորահանդեսն առանձնացավ հակաօդային պաշտպանության C-300 համակարգեր ցուցադրությամբ։ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի ընթացքում առաջին անգամ հրապարակ դուրս եկավ հայկական արտադրության «Կռունկ» ԱԹՍ-ն, որը հետագայում այդպես էլ մնաց միայն որպես ցուցադրության նմուշ։

Սերժ Սարգսյանն իր իշխանության տարիներին մեկ զորահանդեսով չսահմանափակվեց։ Ռազմական տեխնիկան Երևանով անցավ նաև 5 տարի անց՝ 2016-ի զորհանդեսին։ Հրապարակ բերվեցին հակատանկային ինքնագնաց կայաններ, թնդանոթներ, «Գրադ», «Թայֆուն», WM 80, «Սմերչ», «Կոնկուրս» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Տոչկա Ու», «Սքադ» տակտիկական հրթիռային համալիրներ։ Զորահանդեսին հաղորդավարուհին բարձրաձայն ազդարարում էր. «Հրապարակ են մտնում 9K720 տեսակի «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական, մշակութային (այո, ոգևորությունից հենց այս բառն օգտագործեց – Գ.Թ.) հրթիռային համալիրնեի ստորաբաժանումները»։

Զորահանդեսից հետո ՊՆ-ն շտապեց պարզաբանել, որ դրանք պատկանում են ՀՀ զինված ուժերին։ Ադրբեջանն այդ օրերին սկսել էր ակտիվ տեղեկություն տարածել, թե իբր այդ համալիրները զորահանդեսին ցուցադրելու համար բերվել էին Գյումրու ռուսական ռազմաբազայից։

Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք Երևանում զորահանդես չի եղել։

Մեկնաբանել