Ադրբեջանական նոր ագրեսիան Հայաստանի դեմ. գլխավոր հետևությունները

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են իրականացրել Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի ուղղությամբ: Ինտենսիվ արկակոծության են ենթարկվել Ջերմուկ, Վարդենիս, Գորիս, Կապան քաղաքները և մի շարք սահմանային գյուղեր: Երկու օր տևած մարտերի արդյունքում Հայաստանը ունեցել է նաև զգալի տարածքային կորուստներ: Հայկական կողմի զոհերի ու անհայտ կորածների թիվը հասնում է 207-ի:

Ադրբեջանի այս հարձակումը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո տեղի ունեցած ամենալուրջ ռազմական բախումն է: Այս պահին իրավիճակը տարածաշրջանում շարունակում է լարված մնալ, և ամեն պահի կարելի է ակնկալել ռազմական գործողությունների վերսկսում: Այնուամենայնիվ, նոր էսկալացիայի արդյունքում արդեն իսկ կարելի է որոշակի հետևություններ ու եզրահանգումներ անել:

Առաջին արձանագրումը, որը պետք է անել այս փուլում, այն է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ Հայաստանին աջակցություն ցուցաբերել ադրբեջանական ագրեսիան զսպելու հարցում: Բացի այն հանգամանքից, որ ուկրաինական պատերազմի պատճառով Մոսկվայի ռազմական կարողությունները զգալիորեն նվազել են, ակնհայտ է նաև, որ Ռուսաստանը որոշակի կախվածության մեջ է ընկել թուրք-ադրբեջանական տանդեմից:

Թուրքիան ու Ադրբեջանը կարևոր երկրներ են դարձել Մոսկվայի համար արևմտյան պատժամիջոցները մեղմելու ու դրանք շրջանցելու գործընթացում: Ավելին, Մոսկվայի մոտեցումները հայ-ադրբեջանական համատեքստի կարևորագույն գործընթացներից մեկում, կարծես թե, փոփոխվել են և այժմ համընկնում են Բաքվի դիրքորոշման հետ: Խոսքը ապաշրջափական գործընթացի և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցին է վերաբերում: Քանի որ Թուրքիայի հետ Հարավային Կովկասի տարածքով ցամաքային կապի հաստատումը Ռուսաստանի համար առաջնահերթություն է դարձել, այն պատրաստ է ապաշրջափակումը իրականացնել ադրբեջանական պատկերացումներով: Այսինքն, Հայաստանի տարածքում դե ֆակտո արտատարածքային միջանցք ստեղծելով:

Ադրբեջանի նոր ագրեսիան ի ցույց դրեց նաև Եվրամիության միջնորդական գործընթացի անարդյուանվետությունն ու ձախողումը: ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերով մեկնարկած գործընթացը ժամանակավոր կայունություն բերեց տարածաշրջան, սակայն երկարաժամկետ կտրվածքով լեգիտիմացրեց Ալիևի ռեժիմը և ավելի համարձակ դարձրեց Ադրբեջանի նաախագահին: Այս փուլում ակնհայտ է, որ Եվրամիությունը Ադրբեջանի վրա ազդելու որևէ լուրջ լծակ չունի: Եթե նույնիսկ նմանատիպ լծակներ տեսականորեն գոյություն ունեն, ադրբեջանական գազից կախվածության մեծացման ֆոնին ԵՄ-ն հակված չէ դրանք կիրառել:

Այդ առումով կարևոր է, որպեսզի հայ-ադրբեջանական համատեքստում ավելի ակտիվ միջնորդական դերակատարություն ստանձնի ԱՄՆ-ն, որը ունի թե՛ հայ-ադրբեջանական համատեքստում աշխատանքի փորձ ու ինստիտուցիոնալ հիշողություն, թե՛ Ադրբեջանին զսպելու համար անհրաժեշտ գործիքակազմ:

Միացյալ Նահանգների դիվանագիտական ակտիվացման նախանշանները արդեն իսկ երևում են: Ամենայն հավանականությամբ, կողմերի միջև զինադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել հենց Միացյալ Նահանգների միջնորդությամբ: Պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում Նյու Յորքում: Վաշինգտոնը այս փուլում ամենօրյա ռեժիմով ջանքեր է գործադրում, որպեսզի ռազմական գործողությունները չվերսկսվեն:

Այնուամենայնիվ, այս ռազմական սրացումից հետո գլխավոր արձանագրումներից մեկը պետք է լինի այն, որ Հայաստանի կառավարությունը ձախողել է միանգամից մի շարք ուղղություներով և նախադրյալներ է ստեղծել ադրբեջանական նոր հարձակման համար: Իշխող ուժը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո ոչ միայն չի կարողացել Զինված ուժերի համապարփակ բարեփոխումների գործընթացի մեկնարկը տալ, այլև ձախողել է մինիմալ պայմաններ ստեղծել նոր ձևավորված առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորականների համար:

Կառավարությունը ձախողել է նաև զինված ուժերի սպառազինման գործընթացում: Վարչապետ Փաշինյանը, սպետեմբերի 13-ին ելույթ ունենալով Ազգային ժողովում, հայտարարել էր, որ սպառազինությունների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարներ առկա են ՀՀ բյուջեում, սակայն խնդիր կա երկրների հետ, որոնք պատրաստ են Հայաստանին զենք վաճառել: Այստեղ եզրահանգումը հստակ պետք է լինի. եթե ապառազինություն ձեռք բերելու համար գումարներ ունեք, սակայն չեք կարողանում ձեռք բերել անհրաժեշտ սպառազինությունները պետության համար ճակատագրական շրջանում, ուրեմն պարզապես ոչ կոմպետենտ եք և չեք համապատասխանում զբաղեցրած պաշտոնների պահանջներին:

Իշխող թիմի մյուս ձախողումը դիվանագիտական դաշտում է եղել: Վերջին 6 ամիսների ընթացքում Փաշինյանի կառավարությունը այդպես էլ չի կարողացել հստակ դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այդ դիրքորոշումները անըդհատ փոխվում էին ադրբեջանական ճնշման ներքո:

ՀՀ իշխանությունների փորձերը համապատասխանացնել սեփական դիրքորոշումները միջազգային հանրության մոտեցումներին ևս որևէ արդյունք չտվեցին: Այն միջազգային լայն կոնսոլիդացիան Հայաստանի շուրջ, որը վարչապետ Փաշինյանը խոստանում էր ապրիլին, այդպես էլ տեղի չունեցավ: Ավելին, այդ ընթացքում արված մի շարք քայլեր ու հայտարարություններ անդառնալի վնաս հասցրին Հայաստանի շահերին ու դիրքերին:

Այս բոլոր ձախողումները բարձրաձայնելուց հետո պետք է ստեղծված իրավիճակում անել գլխավոր արձանագրումը՝ Հայաստանը այսօր կանգնած է գոյաբանական վտանգի առաջ: Միջազգային ու դաշնակցային լուրջ երաշխիքների բացակայության պայմաններում կա մեծ հավանականություն, որ Ադրբեջանը մոտ ապագայում ավելի լայնածավալ հարձակում կարող է իրականացնել` փորձելով օկուպացնել Հայաստանի ավելի մեծ մաս: Այս փուլում խոսքը գնում է ոչ թե ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու կամ չստորագրելու, այլ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին: Այսպիսի իրավիճակում ներքաղաքական բոլոր գործընթացները պետք է երկրորդ պլան մղվեն: Միայն այս էգզիստենցիալ վտանգը հաղթահարելուց հետո է թույլատրելի խոսել ներքաղաքական խնդիրների մասին: Բոլոր ուժերը, որոնք այս փխրուն իրավիճակում ներքաղաքական ապակայունացման կգնան, լրջագույն հարված կհասցնեն հայոց պետականությանը:

Մեկնաբանել