«Հյուսիս-հարավի» Աշտարակ-Թալին հատվածը դեռ մրցույթների փուլում է

«Հյուսիս-հարավ» մայրուղու տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի 42 կիլոմետրի կառուցումը դեռևս մրցութային փուլում է։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Արդեն մի քանի տարի այս ճանապարհահատվածը գրեթե անանցանելի է, 2018-2019 թթ․ «Հյուսիս-հարավ» մայրուղու հետ կապված քրեական գործեր հարուցվեցին հափշտակությունների և չարաշահման հատկանիշներով։ Ճանապարհի այս հատվածը կառուցելու էր իսպանական «Կորսան կորվիամ» ընկերությունը։ Ներկայում ընկերության և Հայաստանի կառավարության միջև կա միջազգային արբիտրաժային վեճ, որի ավարտի ժամկետները դեռ հայտնի չեն։

Գնել Սանոսյանն ասաց, որ Աշտարակ-Թալին հատվածը բաղկացած է 2 կտորից՝ 8 կիլոմետրանոց և 34 կիլոմետրանոց, ապա տեղեկացրեց, որ 8 կիլոմետրանոց հատվածի հետ կապված եղել է մրցույթ ու կա հաղթող։ Մյուս՝ 34 կիլոմետրանոց հատվածի հետ կապված մրցույթը կկայանա մինչև հոկտեմբերի 6-ը։ Սանոսյանը տեղեկացրեց, որ 2 խոշոր ճանապարհաշինական ընկերություններ դիմումներ են ներկայացրել՝ մրցույթի ժամկետները երկու շաբաթով երկարաձգելու համար։

Մեկնաբանել