ՀԱՊԿ քարտուղարն ու ՀՀ գլխավոր շտաբի պետը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 22-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանում հանդիպել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հետ, հաղորդում է ՀԱՊԿ քարտուղարությունը:

«Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Հայաստանի սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Քննարկվել են ստեղծված իրավիճակում Կազմակերպության հետագա հնարավոր միջոցները»,- ասված է հաղորդագրությունում։

Ստանիսլավ Զասը Հայաստան է ժամանալ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն՝ որպես ՀԱՊԿ առաքելության ղեկավար։ Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են։

Առաքելության վրա դրված են ստեղծված իրավիճակի գնահատման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույց պատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ:

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Մեկնաբանել