Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Համացանցում սեպտեմբերի 21-ին տարածվեց մի փաստաթուղթ, որում Ռուսաստանի Կրասնոդար երկրամասի Տուապսե շրջանի զինկոմիսարիատը Թենգինսկի գյուղական բնակավայրի ղեկավարին հանձնարարում է իրականացնել իր ղեկավարած համայնքի պահեստազորի մոբիլիզացիա։ Փաստաթղթում նշված են նաև մոբիլիզացիայի ենթակա անձանց անուն-ազգաննունները՝ 12 հոգի, որոնցից 10-ն ունեն հայկական ազգանուն։
Այս փաստը Հայաստանում քննարկումների բուռն առիթ է դարձել։
«Տուապսեի բնակչությունը 60 000 է, որից ռուսները՝ 75, հայերը՝ 8 տոկոս են կազմում։ Ներքևում ՌԴ-ում այսօր մոբիլիզացիայի մասին հրամանագրից հետո Տուապսեից զինվորագրման ենթակա քաղաքացիների ցուցակն է։ 90 տոկոսից ավելին՝ ազգությամբ հայեր»,- գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, որի գրառումը մեծ տարածում է գտել սոցիալական մեդիայում։
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, կապ հաստատեց Տուապսեի Թենգինսկի գյուղական բնակավայրի ղեկավար Արթուր Չամյանի հետ, որը հաստատեց՝ տարածվող փաստաթուղթը կեղծ չէ, ինքն այն այսօր է ստացել և կազմակերպում է մոբիլիզացիոն գործընթացներն իր համայնքում։
Անդրադառնալով շահարկումներին, թե ցուցակում մեծամասամբ հայերի անուններ են, Չամյանը նշեց, որ դա բնական է, քանի որ այդ փաստաթուղթը վերաբերում է ոչ թե ամբողջ Տուապսեի շրջանին, այլ Թենգինսկի համայնքին, որի բնակիչների 60-70 տոկոսը հայեր են։
Սեպտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել, համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրվել է։