Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Փաշինյանը մանրամասն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային և դրա հետևանքներին՝ ընդգծելով Ադրբեջանի գործողությունների դատապարտման, ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության, այդ թվում` Իրանի համարժեք արձագանքի կարևորությունը: Վարչապետը գոհունակություն է հայտնել իրանական կողմի հստակ գնահատականների կապակցությամբ և կարևորել ստեղծված իրավիճակում երկկողմ սերտ փոխգործակցությունը:
Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին և հավելել, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:
«Իրանի նախագահի խոսքով` պետությունների տարածքային ամբողջականության և տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է և Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի: Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար»,- ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանն ու Ռայիսին նաև մտքեր են փոխանակել երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ։