Վարչապետը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, հաղորդում են վարչապետի աշխատակազմից։

Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային։ Վարչապետը կարևորել է ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ չափազանց մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Յենս Ստոլտենբերգը կարևորել է տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ հետևողական ջանքերի գործադրումը, այդ թվում` միջազգային գործընկերների աջակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 4 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Մեկնաբանել