Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են ԼՂ հարցը և իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային` կարևորելով տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող հստակ դիրքորոշումներն ու գնահատականները․ «ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու ուղղությամբ»։

Վարչապետը կարևորել է նաև ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և հումանիտար այլ խնդիրների ուղղությամբ միջազգային համարժեք արձագանքի կարևորությունը:

«Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին, կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը, այդ թվում` ԼՂ ժողովրդի համար: ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումը և հույս հայտնել, որ երկխոսությունն առաջիկայում ևս կշարունակվի»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման շուրջ:

Մեկնաբանել