Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները Մոսկվայում կարճ շփում են ունեցել

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Մոսկվայում ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակում կարճ շփում է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Յակուբ Էյուբովի հետ։ Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնել են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։

«Առանձին հանդիպում չի եղել, երկու երկրերի փոխվարչապետները մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, որի շրջանակներում կարճ շփում են ունեցել վերջին շրջանի էսկալացիայի վերաբերյալ»,- նշել են գրասենյակից։

Ավելի վաղ կառավարության պաշտոնական կայքը տեղեկացրել էր, որ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստերին:

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 4 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Մեկնաբանել