Վարդան Մինասյան. Մամեդովը կրկին թիմում չէ, քանի որ ազգանվան հետ խնդիրներ ունի

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Բելառուսի ընտրանու հետ ընկերական հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

-Մրցակցի տեխնիկան ուսումնասիրե՞լ եք:

-Իհարկե, ուսումնասիրել ենք: Բայց ավելի շատ առաջնորդվել ենք մեր հավաքականի խաղով: Ավելի շատ հաշվի ենք առել մեր ուժեղ ու թույլ կողմերը խաղը կառուցելիս: Իսկ մրցակցի մասին լրիվ ինֆորմացիան ունենք: Կասեմ, որ շատ հարմար մրցակից է մեզ համար: Ինչ վերաբերում է մարտավարությանը, աշխատելու ենք, որ կազմը մոտ լինի Մալթայի հետ խաղի կազմին, ունենք խնդիրներ, վնասվածքներ, օրինակ` Կասպարովը, Մանուչարյանը: Իսկ չհրավիրվածներից, ովքեր իմ ցուցակում կային` Արզումանյանը և Հարոյանն են, նրանք լավ մարզավիճակում չեն: Մամեդովը դեռ ազգանվան հետ խնդիրներ ունի: Մի բան էլ կցանկանայի ընդգծել. Հովհաննես Համբարձումյանին էլ ցանկանում էինք հրավիրել, բայց նախընտրեցինք, որ այս անգամ նա օգնի երիտասարդականին:

-Երիտասարդական հավաքական է հրավիրվել «Բանանցի» յոթ խաղացող, որը այս պահին աղյուսակի վերջերում է: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Երիտասարդականում խաղացողների տարիքը սահմանափակ է: Երբ երիտասարդականն ու ազգայինը միաժամանակ են խաղում, մենք խնդիրներ ենք ունենում: Բայց եկեք այդ հարցերն ուղղենք Նազարյանին: Այստեղ խոսում ենք ազգային հավաքականից:

-Դուք հրավիրել եք ֆուտբոլիստներ, ովքեր երիտասարդականում առանցքային դեր են խաղում..

-Երիտասարդականի հիմնական խնդիրը ազգայինին արդյունք տալն է: Երիտասարդականի խնդիրը նաև հաջորդ Օլիմպիական խաղերն են: Մենք կարող ենք երկու խաղ հաղթել ու չանցնել հաջորդ փուլ: Ամեն ինչ մեզնից կախված չէ: Այդ պատճառով նախապատվությունը տվեցինք ազգայինին:

-Խաչատուրյանին դիտարկե՞լ եք որպես պոտենցիալ թեկնածու:

-Նրա խաղը շատ եմ ուսումնասիրել: Սկզբից ինֆորմացիա ունեինք, որ նա աջ պաշտպան է, բայց հետո պարզ դարձավ, որ նա կենտրոնական կիսապաշտպան է, իսկ մենք ունենք վեց կիսապաշտպան, թե որքանով է խելամիտ նրան հրավիրելը հիմա…

-Ղազախստանի հետ խաղում Լևոն Հայրապետյանը խաղում էր կենտրոնում: Բելառուսի հետ խաղում հնարավո՞ր է նրա դիրքը փոխեք:

-Լավ է, որ նա ունիվերսալ ֆուտբոլիստ է: Լավ է, որ ընտրությունը մեծ է ու դա կախված է թե ինչ մրցակցի հետ ենք խաղում: Հնարավոր է:

-Երեկ առաջին մարզումն անցկացրեց հավաքականը, ի՞նչ կասեք խաղացողների պատրաստվածության մասին:

-Այն խաղացողներն ովքեր թիմում են, լավ վիճակում են, երեք ֆուտբոլիստներ, ովքեր նոր էին ժամանել Հայաստան ու միացել թիմին, ավելի թեթև մարզվեցին:

Մեկնաբանել