Տարոն Մարգարյանն այցելել է «Բազե 2012» երիտասարդական ճամբար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ծաղկաձորում մասնակցել է «Բազե 2012» երիտասարդական ամենամյա հավաքի բացման արարողությանը, հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Բազե 2012»-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոբելյանական 10-րդ համահայկական հավաքին մասնակցում է 18-ից 30 տարեկան 400 երիտասարդ Հայաստանից, Ջավախքից, սփյուռքից և Լեռնային Ղարաբաղից:

ՀՀ պետական դրոշի գույների ներքո՝ եռագույն ճակատներում 42 ջոկատ է մասնակցում հավաքին. Երևանի ջոկատն այս տարի Նարնջագույն ճակատում է: Տարոն Մարգարյանը զրուցել է Երևանի ջոկատի անդամների հետ, որոնք քաղաքապետին վստահեցրել են, որ հավաքի ծրագրում ներառված ինտելեկտուալ, մարզական ու մշակութային մրցույթներին մասնակցելու են միայն հաղթելու վճռականությամբ: Երևանի քաղաքապետը հաջողություն է մաղթել երիտասարդներին:

Օգոստոսի 13-ից 19-ը ջոկատները կմրցեն սեղանի թենիս, շախմատ, վոլեյբոլ, ֆուտբոլ, ձեռքի ուժ, լող մարզաձևերում, ինչպես նաև ազգային խաղերում: Ծրագրում ներառված են նաև «Բրեյն ռինգ» ու «Բազե-բանալի» ինտելեկտուալ խաղերը և երգի, պարի, նորաձևության, նկարչության մրցույթներ: Հավաքի մասնակիցները նաև հանդիպումներ կունենան ՀՀ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ:

«Բազե 2012»-ի բացման արարողությունից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև կրկեսային արվեստի օրգինալ ժանրի հայ մեծանուն դերասան, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի արձանի բացման արարողությանը, որը կատարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մեկնաբանել