Ջրվեժում ընտրատեղամաս մարդկանց են բերել, Ալավերդիում խոչընդոտել են դիտորդի աշխատանքը․ «Անկախ դիտորդ»

Ընտրությունները բավական «ակտիվ» են անցնում Ջրվեժում, որտեղ առաջադրված է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Հայտնում է «Անկախ դիտորդը»։ Կազմակերպությունը վաղ առավոտից 49 խմբերով (մոտ 100 դիտորդ) դիտարկում է տարբեր մարզերում ընթացող ՏԻՄ ընտրությունները։

Դիտորդական առաքելությունից տեղեկանում ենք, որ Ջրվեժում, «չնայած նման «միանձնյա ընտրապայքարին», առաքելության դիտորդները մասնավորապես 29/03 և 29/04 ընտրատեղամասերի մոտ նկատել են մարդկանց կուտակումներ, ընտրողների՝ դեպի ընտրատեղամաս տեղափոխման և ուղղորդման դեպքեր»:

Ներկայացնում են դիտորդների արձանագրած ահազանգերը՝

  • Տաշիրի 25/34 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը պարբերաբար մոտենում և ցուցումներ է տալիս ընտրողներին ընտրության կարգի վերաբերյալ:
  • Տաշիր խոշորացված համայնքի Սվերդլով բնակավայրի 25/09 ընտրատեղամասում արձանագրվել է քվեարկության գաղտնիության խախտման դեպք․ տարեց կինը, նախքան քվեատուփի մեջ գցելը, ծրարից հանել և իր քվեաթերթիկը ցույց է տվել քվեասենյակում գտնվող երկու անձանց:
  • Ալավերդիի 24/17 ընտրատեղամասում (Սանահին) հանձնաժողովի անդամները փորձել են խոչընդոտել դիտորդի աշխատանքը այն բանից հետո, երբ վերջինս բարձրաձայնել է վստահված անձանցից մեկի կողմից վկայական չկրելու մասին:
  • Ալավերդիի 24/19 ընտրատեղամասում խնդիրներ կան քվեարկության գաղտնիության հետ կապված, քանի որ հանձնաժողովի նախագահի աշխատասեղանը գտնվում է քվեախցիկներին շատ մոտ:
  • Բյուրեղավանի 28/11 ընտրատեղամասում դիտորդները նկատել են դեպքեր, երբ ընտրություններին մասնակցող քաղաքացիները հատուկ կերպով ծալել են քվեաթերթիկների ծրարները՝ միաժամանակ «աչքով անելով» «Արդար Հայաստան» կուսակցության վստահված անձին:
  • Սիսիանի 34/06 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը դիտորդներին չի թույլատրում ուսումնասիրել գրանցամատյանը, բոլոր հորդորներին պատասխանում է «ձեր գործը չի», «դուրս եկեք տարածքից» արտահայտություններով: Բացի դա, ընտրատեղամասում են գտնվում վկայականներ չկրող անձինք:
  • Քաջարանի 35/01 ընտրատեղամասում դիտորդներին թույլ չեն տվել մուտք գործել ընտրատեղամաս: Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, թե չի թույլատրվում նույն առաքելությունից երկու դիտորդների ներկայությունը ընտրատեղամասում:
  • Խնդիրը հանգուցալուծվել է միայն իրավաբանի միջամտությունից հետո:
  • Սիսիանի 34/02 ընտրատեղամասում ոստիկանը հրաժարվել է արձագանքել տարածքում մարդկանց կուտակումների վերաբերյալ դիտորդների ահազանգին՝ պատճառաբանելով, թե ընտրատեղամասի մոտ թույլատրվում է մինչև 15 հոգու ներկա գտնվելը:
  • Ակունքի 28/1 ընտրատեղամասում նկատվում են մարդկանց ու մեքենաների կուտակումներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Համախմբում» դաշինքի (ԲՀԿ) վստահված անձանց գլխավորությամբ, որոնք, ըստ ամենայնի, ուղղորդում են ընտրողներին: Տեղում են նաև շուրջ 10 ոստիկաններ: Կուտակումների մասին դիտորդների ահազանգից հետո ոստիկանները փորձել են ինչ-ինչ գործողություններ ձեռնարկել, բայց կուտակումները շարունակվում են:

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 314 տեղամասեր: