Սիրիայի վարչակարգը կապված է ռուսական բանկերի հետ. WSJ

Այս տարվա գարնանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգը, առերեսվելով Եվրամիության և ԱՄՆ սահմանած պատժամիջոցների հետևանքով առաջացած բարդություններին, դիմել է Ռուսաստանի օգնությանը, գրում է ամերիկյան Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը: Դրանք Սիրիայի կառավարության անդամների և օտարերկրյա ընկերությունների միջև 2012թ. մայիս-հունիս ամիսների նամակագրության մի մասն են: Նամակների հասցեատերերը, թերթին ի պատասխան, հաստատել են դրանց իսկությունը:

Սիրիայի այդ ժամանակվա վարչապետ Ռիյադ Հիջաբին ուղղված նամակում, որում ամփոփված են Սիրիայի կենտրոնական բանկի, նավթի, ֆինանսների նախարարների և Sytrol պետական նավթային ընկերության ղեկավարության մի շարք հանդիպումները, նախանշված է միջազգային պատժամիջոցները շրջանցելու ծրագիրը: Դրա համաձայն՝ պատժամիջոցները զգալիորեն դժվարացրել են ավանդական լուծումների և ֆինանսական աղբյուրների կիրառումը: Նամակի հեղինակներն առաջարկում են փոխել երկրի օրենքները օֆշորային գոտիների միջոցով բիզնես վարելու համար:

Նամակում նշվում է, որ Ռուսաստանում և Մալայզիայում ստեղծվում են օֆշորային ընկերություններ, Ռուսաստանի բանկերում բացվում են եվրոյով և ռուբլիով հաշվեհամարներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ինչպես ստանալ վաճառված նավթի գումարները, այնպես էլ վճարել ներկրումների դիմաց:

Ըստ մի շարք այլ նամակների՝ սիրիական նավթի գնորդներին ուղարկված պայմանագրերում նավթի վճարային ագենտ է նշվում ռուսական «Գազպրոմբանկը» և «Նովիկոմբանկը»:

Ռուսական ընկերություններում այս տեղեկությունները չեն հաստատել:

Թերթի տրամադրության տակ հայտնված մի շարք այլ փաստաթղթերի համաձայն՝ Սիրիան հարկադրված է եղել իր նավթի համար մինչև $15 զեղչ սահմանել:

Սիրիայում նավթի արդյունահանման ծավալը մեծ չէ՝ 360 հազ. բարել/օր, որը նավթի համաշխարհային արդյունահանման 1%-ն է, սակայն այն Ասադի վարչակարգի եկամտի վերջին աղբյուրներից է. նավթի արտահանումը Սիրիային ապահոում է ամսական $380 մլն, ամփոփում է թերթը:

Մեկնաբանել