Ինչ կարող է և պետք է անի Ռուբեն Վարդանյանը, եթե նշանակվի Արցախի պետնախարար

Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում։ Լուսանկարը՝ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Հայկ Ղազարյան

Ի՞նչ կարող է անել Ռուբեն Վարդանյանը, եթե նշանակվի Արցախի պետնախարար։ Փրկիչներ չենք փնտրում, խոսում ենք հնարավորությունների շրջանակում։

Առաջինը՝ կարող է պետական կառավարումը ավելի արդյունավետ դարձնել։ Այդ «բարդակին» նաև շարքային լրագրողս է առնչվում, երբ գերհագեցած գերատեսչությունների մամուլի խոսնակներին «չես գտնում», ոլորտի կամ ստեղծված խնդրի համար պատասխանատու չկա․ իրար վրա են բարդում, վարչությունից վարչություն, բաժնից բաժին ուղարկում, հարցումներին չեն պատասխանում և այլն։ Բացի այդ, կարծես թե, Արցախի կառավարությունում թիմային ոգին էլ է բացակայում․ որոշ նախարարներ միմյանց հետ հաշտ չեն ու իրար ոտի տակ փորելով՝ վնաս են հասցնում պետությանը։ Արայիկ Հարությունյանի ասած «ազգային համաձայնության թիմը» չի աշխատում։ Պաշտոններ պետք է տալ ոչ միայն քաղաքական խնդիրներ լուծելու համար, որ բոլորը գոհ լինեն, այլ պաշտոնյայի կարողությունները հաշվի առնելով: Նույնն էլ վերաբերում է անթիվ-անհամար խորհուրդների, կառույցների, հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների ստեղծմանը։ Այդ կառույցները պետք է ստեղծել ըստ անհրաժեշտության, ոչ թե բոլորին կուշտ ու գոհ պահելու ու մեր աչքերին թոզ փչելու համար։

Ինչպես ծանոթներիցս մեկն է ասում, վատ չէր լինի, եթե Արցախի կառավարումը արդյունավետության առումով մոտենար «Ամերիաբանկ»-ին։

Եվ մի կարևոր հարց դուրս է մնում՝ ի՞նչ ոլորտներ են վստահվելու Ռուբեն Վարդանյանին։ Ըստ Արցախի Սահմանադրության՝ «պետական նախարարը համակարգում է այն նախարարների գործունեությունը, որոնք սահմանվում են Հանրապետության նախագահի կողմից»: Պարզ է, որ Վարդանյանը որպես հեղինակություն Արտակ Բեգլարյանի համեմատ ավելի ինքնուրույն է լինելու։

Այստեղից մի կարևոր հարց է ծնվում՝ կարողանալո՞ւ է, արդյոք, Վարդանյանը մարդկանց «նեղացնել»։ Հարցազրույցներից դատելով՝ ջերմ հարաբերություններ ունի Բակո Սահակյանի ու Արայիկ Հարությունյանի և շատ արցախցիների հետ (հարուստ մարդկանց հետ շատերն են ցանկանում ընկերանալ, իհարկե, Վարդանյանն էլ գիտի դրա մասին)։ Իսկ հարկ եղած դեպքում կարողանալո՞ւ է նրանց կամքին ու ցանկություններին հակառակվել։

Ասում են, որ Արցախը Վարդանյանի համար քաղաքական տրամպլին է․ գլխավոր նպատակը «Ապրելու երկիր» կուսակցության հետ հաջողության հասնելն է Հայաստանում։ Թող այդպես լինի։

Հայկ Մարությանի տարբերակն ունենք, որի մասին ասում են․ «Դե մարդը արել է Երևանի համար»։ Վարդանյանն էլ Հայաստանում հաստատ նման վարկանիշի կարժանանա, եթե «մարդը արել է Արցախի համար» ստուգարքը ստանա (որպես բարեգործ՝ Արցախի համար շատ է արել, խոսքը դրա մասին չէ)։

Վերջում՝ Ռուբեն Վարդանյանը Արցախ տեղափոխվելու մասին իր հայտարարությունից հետո, ըստ հայկական ֆեյսբուքյան ավանդույթների, խարազանվեց։ Եթե սա անում են Վարդանյանի քաղաքական մրցակիցները, խնդիր չկա, ընկալելի է։ Սակայն, կարծում եմ, վերակենդանացման բաժանմունքում գտնվող Արցախ տեղափոխվելու մեջ բացասական գտնելը դժվար է։ Այս առումով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի խոսքն էր դիպուկ, որը առիթը բաց չթողեց հերթական անգամ «խայթելու» Ղրիմից Արցախ տեղափոխված, 1999 թվականին Արցախի վարչապետ նշանակված Անուշավան Դանիելյանին․ «Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելը բարոյահոգեբանական դրական ազդակ է արցախցիների համար։ Անորոշության պայմաններում ապրող ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի։ Այն, ինչպես տեսնում եք, հուսադրող է, ոգևորիչ։ Միայն թե շատ չոգևորվեն․ հայրենասիրական մղումներով մի տուրիստ էլ 2000-ականներին էր բերվել Արցախ։ Իսկ մնացածը ժամանակը ցույց կտա»:

Մեկնաբանել