Զորքերը պետք է վերադառնան սկզբնական դիրքեր. Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

«Միացյալ Թագավորության կառավարությունը, այդ թվում՝ Վիեննայում ԵԱՀԿ-ում մեր միջնորդության ժամանակ, հստակ հասկացրել է, որ զինված ուժերը պետք է հետ քաշվեն այն դիրքերը, որտեղ նրանք գտնվում էին մինչև ռազմական գործողությունները սկսվելը: Հակամարտությունը լուծելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է»,- նշված է Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ «Լուրերի» հարցմանն ի պատասխան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ:

«Մենք միշտ դատապարտել ենք քաղաքացիական տարածքների թիրախավորումը բոլոր հակամարտությունների ժամանակ։ Մեր մտքերը վերջին բռնությունների հետևանքով զոհվածների կամ վիրավորների ընտանիքների հետ են։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ողջունում է ռազմագերիների և մահացածների աճյունների վերադարձը։ Մենք կոչ ենք անում կողմերին քննարկել մնացած բոլոր ռազմագերիների և մահացածների աճյունների վերադարձի հարցը։ Խոշտանգումների մասին հաղորդումները չափազանց մտահոգիչ են, և պահանջվում է համապատասխան մարմինների մանրակրկիտ հետաքննություն»,- նշված է Երևանում Միացյալ Թագավորության դեսպանատան հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 4 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Մեկնաբանել