Տեր-Պետրոսյանի հարցազրույցի մասին և ոչ միայն

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսեց ցավոտ լուծումների անհրաժեշտության մասին: Նա մի շարք պնդումներ ու հայտարարություններ արեց, որոնց շուրջ, ինչպես միշտ, հանրային տիրույթում բովանդակային քննարկումների փոխարեն տիրապետում են էմոցիաները:

Մի մասն անվերապահ աջակցում է առաջին նախագահի՝ Ադրբեջանի պայմաններին համաձայնելու, կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու և պատասխանատվություն ստանձնելու թեզերին՝ համարելով դրանք գրեթե անքննելի: Մյուսները մեղադրում են Տեր-Պետրոսյանին պարտվողականության, կապիտուլացիան ամրագրելու ու Փաշինյանի իշխանությանն աջակցելու համար:

Տեր-Պետրոսյանն առաջարկում է Արցախի, Հայաստանի նախկին նախագահներին ու Վեհափառ հայրապետին հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, խոսել ստեղծված իրավիճակի մասին, տեղեկանալ բանակցությունների մանրամասներին և որոշել` ինչ անել: Գուցե ստորագրել, ինչպես ընդունված է ասել, կապիտուլյացիան, որ փրկվի Հայաստանը, քանի որ «կես տարուց կարող է՝ պետականություն կորցնենք»:

ՀՀ նախկին նախագահներով գործող իշխանության հետ Արցախյան հակամարտության վերջնական կարգավորման համար պատասխանատվություն ստանձնելու առաջարկն ինչ-որ առումով տրամաբանական է: Նախ, դա իրավիճակի ողջ լրջությունը և դրանում սեփական պատասխանատվությունը գիտակցելու կարևոր ցուցիչ է: Թե՛ գետնի վրա, թե՛ բանակցություններում ստեղծված աղետալի իրավիճակի գլխավոր պատասխանատուն Փաշինյանն ու նրա քաղաքական թիմն են, սակայն այսօրվա աղետի հասունացման մեջ իրենց ներդրումն ունեցել են բոլորը:

Տեր-Պետրոսյանը, որ ժամանակին քաղաքական կամք չի դրսևորել խնդրի կարգավորման սեփական մոտեցումը կյանքի կոչելու գործում՝ երկյուղելով քաղաքացիական պատերազմի բռնկումից:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը կարծես իր կառավարման տարիների վերջին մոտ էր խնդրի կարգավորմանը, բայց գերադասեց թողնել այն Սերժ Սարգսյանին:

Սերժ Սարգսյանը արտաքին քաղաքականության առաջնահերթություն դարձրեց հայ-թուրքական կարգավորման ապարդյուն գործընթացը, իսկ Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ միակ իրական, բայց անհաջող փորձը կատարեց Կազանում՝ 2011-ին:

Այնուհետև ի հայտ եկավ Լավրովի պլանը: Սկսած այդ կետից՝ հայկական կողմի համար բանակցային տարբերակները գնալով վատթարացան: Ինչո՞ւ․ որովհետև ուժերի հավասարակշռությունն անշեղորեն թեքվել էր Ադրբեջանի կողմը, որը շատ լավ հաշվարկում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, հատկապես` Ռուսաստանը: Այստեղ չեմ խոսում պետության հիմքերը քայքայող համակարգային կոռուպցիայի մասին: Այն Հայաստանում արմատավորվեց անցած երեսուն տարիներին, որն ապօրինի եկամուտների աղբյուր էր պաշտոնյաների համար:

Հարցազրույցում նախագահ Տեր-Պետրոսյանը Արցախի ճակատագրի մասին չի խոսում` հավանաբար նկատի ունենալով, որ այն Ռուսաստանի ձեռքում է, Հայաստանն այնտեղ դերակատար չէ: Սա շատ չոր է, կոշտ է, բայց այժմ գոնե այդպես է: Չտեսնել սա, նշանակում է առնվազն քաղաքական հեռատեսության հետ կապված խնդիր ունենալ, իսկ չտեսնելու տալ, նշանակում է ինքնախաբեությամբ զբաղվել:

Սա Տեր-Պետրոսյանի տեսլականն է, մոտեցումն ու լուծման իր տարբերակը: Այստեղ լեգիտիմ են հարցերն առ այն՝ որտեղից վստահություն, որ անգամ եթե Հայաստանը համաձայնի Ադրբեջանի գրեթե բոլոր պահանջներին, Բաքուն նոր, այդ թվում տարածքային պահանջներ չի առաջադրելու, ասենք՝ նույն սահմանազատման փուլում:

Սա Տեր-Պետրոսյանի մոտեցումն է։ Մյուսներն ի՞նչ են առաջարկում: Տապալել Փաշինյանին, ձևավորել նոր իշխանություն, Ռուսաստանի հետ հարաբերությունները բարձրացնել որակապես նոր աստիճանի ու փորձել լուծել խնդիրը մեր օգտին: Եթե սա է (գուցե սա չէ, ես սխալվում եմ) մյուս ուժերի խտացված առաջարկը, ապա մի քանի հարց ունեմ:

1. Վստա՞հ եք, որ Ռուսաստանը, այդ թվում՝ սանկցիոն պատերազմի պայմաններում, երբ օդուջրի պես կիսալոյալ Ադրբեջանի ու Թուրքիայի կարիքն ունի, պատրաստ է ինչ-որ կտրուկ քայլեր կամ ռևերանսներ անել Հարավային Կովկասում:

2. Կամ նույն ԵՄ-ն ու ԱՄՆ-ը նախապատվությունը տալո՞ւ են Հայաստանին։ Իսկ ինչո՞ւ ոչ իրենց դաշնակից Թուրքիային ու Ադրբեջանին, որի էներգակիրների կարիքն ունեն: Հայաստանի ռազմավարական արժեքն այդքան բա՞րձր է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար:

3. Ադրբեջանն ու Թուրքիան պետք է նստած սպասեն, մինչև Հայաստանը հզորանա ու իրենց համար գլխացավանք կամ լուրջ մարտահրավե՞ր դառնա: Լո՞ւրջ, իսկապես նրանք այդքան միամի՞տ են: Հիմա չեն թողնում անգամ շունչ քաշի Հայաստանը, ուր մնաց հնարավորություն ու ժամանակ տան, որ հզորանա:

4. Իսկ այդ նույն ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան չե՞ն հզորանալու, իրենք դոփելո՞ւ են տեղում:

Հենց այս հարցերին տրվեն ՀԻՄՆԱՎՈՐ ու ՉԱՓԵԼԻ պատասխաններ, այդ ժամանակ կարելի է ծավալել բովանդակային քննարկումներ: Մնացածն էմոցիաներ են, որոնք այս պահին միայն խանգարելու են սառը հաշվարկներին: Իսկ այսօր Հայաստանն ու Արցախը ինչպես երբևէ սառը հաշվարկների, առավելագույն իրատեսության կարիք ունեն, որքան էլ դա ցավոտ լինի:

Մեկնաբանել