Կոչ ենք անում Ադրբեջանին զորքերը վերադարձնել ելման դիրքեր, ուժի կիրառումն անընդունելի է․ Պետդեպ

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին զորքերը վերադարձնել ելման դիրքեր, դուրս բերել ռազմական ուժերը, ուժի կիրառումն անընդունելի է։ Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին զորքերը վերադարձնել ելման դիրքեր։ Մենք կոչ ենք անում դուրս բերել ռազմական ուժերը և աշխատում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով: Ուժի կիրառումն անընդունելի է։ Մենք դա հասկացրել ենք մասնավոր կերպով։ Մենք դա հստակ հայտարարել ենք նաև հրապարակայնորեն, և ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը, այդ թվում՝ բարձր մակարդակով, այդ թվում՝ անցյալ շաբաթ Նյու Յորքում, երկու երկրների հետ օգնեց դադարեցնել ռազմական գործողությունները, և մենք կշարունակենք ներգրավվել և խրախուսել աշխատանքը, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության հասնելու համար, քանի որ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ»,- ասել է նա։

Մեկնաբանելով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, Նեդ Փրայսը նշել է․ «Պետքարտուղարը նշել է հրադադարին հետևելու, հանգստություն պահպանելու կարևորությունը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է կայուն զինադադարին և խաղաղ կարգավորմանը։ Մենք երկու արտգործնախարարներին էլ հստակ հասկացրել ենք, որ Միացյալ Նահանգները պատրաստ է գործընկերների հետ միասին աջակցել այս գործընթացին երկկողմ, բազմակողմ մակարդակով։ Դա ներառում է մեր աջակցությունը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին: Այդ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջ շարժվելու լավագույն ուղին, և պետքարտուղարը նրանց առաջարկել է կիսվել գաղափարներով, թե ինչպես կարելի է մինչև ամսվա վերջ էականորեն առաջ մղել խաղաղ գործընթացը»։

Հանդիպմանը ամերիկյան կողմը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին կոչ էր արել ևս մեկ հանդիպում անցկացնել մինչև ամսվա վերջ։ Հաջորդ հանդիպման օրը և վայրը, Փրայսի խոսքով՝ պետք է որոշեն երկու երկրները․ «Մենք իսկապես կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ փոխգործակցությունը համապատասխանում է ոչ միայն նրանց, այլև տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս շահերին: Մենք առաջարկել ենք մեր օգնությունը, կրկին երկկողմ, եռակողմ, բազմակողմ մակարդակով, և, իհարկե, ԵՄ-ն նույնպես կարևոր դեր է խաղում»։

Հարցին, որ փորձագետներն կարծիքով նորից հանդիպելու ԱՄՆ-ի կոչերը վկայում են, որ Վաշինգտոնն այժմ գործընթացն առաջ մղելու ծրագիր չունի, Պետդեպի ներկայացուցիչը պատասխանել է. «Մեր խնդիրն է մերձեցնել կողմերին, դյուրացնել երկխոսությունը, օգնել կողմերին միասին հաղթահարել տարաձայնությունները՝ խաղաղ և դիվանագիտական ​​ճանապարհով։ Դա է մեր շարունակական աշխատանքը»: