Միջազգային հանրությունը հստակ մեխանիզմներով պետք է կանխարգելի Ադրբեջանի նոր ագրեսիաները․ Միրզոյան

Միջազգային հանրությունը հստակ գործողությունների ու մեխանիզմների միջոցով պետք է կանխարգելի Ադրբեջանի հավանական նոր ագրեսիաները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Միանշանակ է, որ ագրեսիայի (սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի – խմբ․) հետևանքները պետք է վերացվեն, այն է՝ առաջին հերթին ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի: Միաժամանակ, միջազգային հանրությունը հստակ գործողությունների ու մեխանիզմների միջոցով պետք է կանխարգելի Ադրբեջանի արկածախնդիր քայլերն ու հավանական նոր ագրեսիաները»,- ասել է նա։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը կարևորում է «Ադրբեջանի առավելապաշտական ու հանցագործ նկրտումներին» միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքը: Ըստ նրա՝ ոչ համարժեք, հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների․ «Այս համատեքստում՝ արժևորում ենք բարեկամ Հունաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի կապակցությամբ»,- նշել է ԱԳ նախարարը։

Արարատ Միրզոյանը հայտարարել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շարունակում է չլուծված մնալ։

«Երկու տարի առաջ հենց այս օրն էր, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի ու նրա ժողովրդի դեմ: Այսօր՝ երկու տարի անց, հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, մենք մերժում ենք ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը, և վերահաստատում մեր հանձնառությունը՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում հաստատելու խաղաղություն և կայունություն»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։