Ասադը վերահսկում է երկրի միայն 30 տոկոսը. Սիրիայի նախկին վարչապետ

Այժմ Սիրիայում նախագահի իշխանության տակ է գտնվում երկրի միայն երեսուն տոկոսը. ապստամբները պետք է շարունակեն լինել միասնական, Հորդանանի մայրաքաղաք Ամանում հայտարարել է Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբը` պաշտոնաթող լինելուց հետո առաջին անգամ խոսելով Ասադի վարչակարգի մասին:

Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ` Հիջաբն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Սիրիայի ազատ բանակին: «Դուք ձեր խոստացածի պես պայքարում եք Սիրիայի ժողովրդի համար, դուք պայքարում եք Սիրիայի կայունության ու ազատության համար, մեր ժողովրդին պաշտպանելու համար»,-ասել է Հիջաբը:

Միաժամանակ` Սիրիայի նախկին վարչապետը դիմել է Սաուդիան Արաբիային, Կատարին և Թուրքիային` շնորհակալություն է հայտնելով նրանց և խնդրելով շարունակել աջակցել Սիրիայի ընդդիմադիրներին:

Նշենք, որ Սիրիայի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Հիջաբը մինչ Սիրիայից փախնելն է ազատվել իր պաշտոնից, մինչդեռ նա Ամանում հայտարարել է, որ ինքն է հրաժարական տվել և հեռացել: «Իմ պարտքն էր ձեռքերս լվանալ և հեռանալ այսպիսի կառավարությունից»,- հավելել է Հիջաբը:

Մեկնաբանել