ԱՄՆ Սենատում առաջարկում են պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը ներկայացրել է բանաձև, որը դատապարտում է Հայաստանի դեմ ադրբեջանական ուժերի անօրինական հարձակումը և կոչ է անում Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին ցուցաբերվող ամբողջ օգնությունը:

Երկկուսակցական բանաձևով ԱՄՆ նախագահ Բայդենին կոչ է արվում պաշտոնական որոշում կայացնել «Մագնիտսկու օրենքի» համաձայն ադրբեջանցի պաշտոնյաներին պատժամիջոցների ենթարկելու վերաբերյալ:

Միացյալ Նահանգները «Մագնիտսկու օրենքը» ընդունել է 2012-ին՝ ի հիշատակ իրավաբան Սերգեյ Մագնիտսկու, որը 2008-ին Ռուսաստանում ձերբակալվել և մեկ տարի անց բանտում մահացել է: Մագնիտսկին հայտնի է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պետական միջոցների խոշոր յուրացումները բացահայտող հետաքննություններով: «Մագնիտսկու օրենքը» պատժամիջոցներ է նախատեսում ամբողջ աշխարհում կոռուպցիոներների և մարդու իրավունքները խախտողների դեմ, ինչպես նաև նախատեսում է ԱՄՆ-ում նրանց սեփականության ձերբակալությունը:

«Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի վերսկսված հարձակումը և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումները մարդկային կյանքի նկատմամբ արհամարհանքի սարսափելի դրսևորում են։ Քանի որ Կապան, Գորիս, Ջերմուկ, Վարդենիս և Ճակատեն համայնքները տուժում են Ալիևի ռեժիմից, Միացյալ Նահանգները պետք է աջակցության խոսքերը ամրապնդի վճռական գործողություններով՝ ի շահ Հայաստանի ժողովրդի։ Կառավարությունը պետք է ճիշտ վարվի և մեկընդմիշտ դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ոլորտում օգնություն ցուցաբերելը»,- ասել է բանաձևի հեղինակ Բոբ Մենենդեսը։

Մեկնաբանել