Քոչարյանն առաջարկում է հանրային կոնսոլիդացիա, «բայց ոչ կապիտուլյացիայի համար»

Կոնսոլիդացիա պետք է լինի ժողովրդին հաղթանակի մղելու համար, բայց կապիտուլյացիայի համար պետք է դեկոնսոլիդացիա։ Սեպտեմբերի 28-ի ասուլիսում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ղեկավար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա պատասխանեց մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին մասնակի իշխանափոխությանը և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումներին։

Քոչարյանը չի հասկանում՝ կոնսոլիդացիայի մասին խոսակցությունները նպատակադրվա՞ծ են, թե՞ չգիտակցված։ «Խնդիրը լուծելու համար պետք է ախտորոշես խնդրի պրոբլեմը ու չեզոքացնես պրոբլեմը, հիմա մեզ ասում են՝ միավորվենք պրոբլեմի շուրջ։ Մեր խնդիրը փրկելն է Հայաստա՞նը, թե՞ փորկել Հայաստանի պրոբլեմը»,- ասաց նա։

Քոչարյանի խոսքով՝ քաղաքական դաշտում կարող է քննարկման առարկա դառնալ մասնակի իշխանափոխությունը․ դա այն դեպքն է, երբ քաղաքական թիմը փոխում է վարչապետին, բայց այդ դեպքում էլ վերահսկիչ փաթեթը մնում է իշխող քաղաքական ուժի ձեռքում։

«Բոլորս հասկանում ենք, որ այս խորհրդարանում եթե ՔՊ-ական պատգամավորների մատներն էլ կտրես, իմ օգտին չեն քվեարկելու, սա նշանակում է, որ իշխանափոխություն կարող է լինել կամ նոր ընտրությունների միջոցով, կամ խորհրդարանում։ Եթե խորհրդարանով գնա, դա պիտի լինի մի թեկնածու, որն ընկալելի է և նրանց համար, և ընդդիմության համար»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Մյուս մոդելը, ըստ նրա, հանրային այնպիսի ճնշումն է, որը պարտադրում է ընտրել նոր վարչապետի թեկնածուի, բայց, ըստ Քոչարյանի, այդպիսի հնարավորություն այսօր չկա։

Խոսելով ճգնաժամից դուրս գալու իրենց տարբերակների մասին՝ «Հայաստան» դաշինքի ղեկավարը նշեց, որ ճգնաժամից երկրները հանում են կառավարությունները, ոչ թե ընդդիմությունը․ հարցը ճիշտ հասցեատիրոջը չի ուղղվում։ Քոչարյանն առաջարկում է հանրային կոնսոլիդացիա, «բայց ոչ կապիտուլյացիայի համար»։

Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մոտեցումները տարբեր են

Ասուլիսում հարց հնչեց նաև Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների և Ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցությամբ հանդիպման մասին։ Այդ քննարկման մասին օրեր առաջ Հանրայինի եթերում խոսել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Տեր-Պետրոսյանն ասել էր, որ «օրվա գլխավոր խնդիրը ազգային համախմբման կայացումն է և իշխանության ու ընդդիմության միջև կառուցողական երկխոսության սկզբնավորումը»։

«Այո, վիճակը ծանր է, բայց դա չի նշանակում, որ պիտի հանձնվենք և ընդունենք պարտադրանքները։ Այդպիսի գնահատականը չեմ կիսում»,- հայտարարեց երկրորդ նախագահը՝ նկատելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանն «այդ դիրքորոշւմն ունի 1992-ից»։

«Պայմանավորվել ենք, որ քննարկումների մանրամասները չենք բացահայտելու։ Ինքը տվել է առաջարկ, ի դեպ, թուղթը որը կարդացել է, մենք չենք տեսել, միանգամից առաջարկ է եղել՝ դուռը բաց պահել աշխատանքի շարունակման համար»,- ասաց Քոչարյանը։