ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

Սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, հաղորդում է Սյունիքի մարզպետարանը։

Դեսպանի հետ Սյունիք էին այցելել նաև դեսպանության տնտեսական և քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմ Զապֆելը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն։

Հանդիպմանը Ռոբերտ Ղուկասյանը Լին Թրեսյիին ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Սյունիք ներխուժման մանրամասները։ Դեսպան ասել է, որ այս հակամարտությունը գտնվում է Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում՝ նույնիսկ այն պարագայում, երբ ավելի լայն տարածաշրջանում կան զուգահեռ ընթացող հակամարտություններ․ «Ու մենք ամենաբարձր մակարդակներում, նաև դիվանագիտական խողովակներով, անում ենք ամեն ինչ՝ թույլ չտալու ուժի կիրառումը, ապահովելու բանակցությունների շարունակականությունը և ունենալու խնդրի այնպիսի կարգավորման հեռանկար, որը երկարաժամկետ ու կայուն խաղաղություն կբերի»։

Լին Թրեյսին ընդգծել է, որ այժմ դժվար է Սյունիքի, նաև մյուս սահմանամերձ մարզերի բնակիչների համար անվտանգության զգացում ունենալը և այդ պատճառով էլ գործընկերների հետ մարզ է այցելել՝ տեղում հասկանալու՝ ինչով կարող են օգնել։

Ռոբերտ Ղուկասյանը հյուրերի հետ քննարկել է մարզի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից հետո առաջ եկած մի շարք խնդիրներ։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը՝ մինչ այժմ իրականացրած աշխատանքի համար։

«Մեզ համար շատ կարեւոր է, որ այս ծանր ժամանակահատվածում մեր կողքին եք։ Տեղյակ ենք, տիկին դեսպան, թե՛ Ձեր, թե՛ ԱՄՆ դիրքորոշման մասին այս ամենի վերաբերյալ, որի համար շնորհակալ ենք։ Բայց վերջին երկօրյա պատերազմը, որ տեղի ունեցավ ՀՀ սուվերեն տարածքում, ցույց տվեց, որ թշնամին ոտնահարում է ոչ միայն մեկ այլ պետության ու մարդու հիմնարար բոլոր իրավունքները, այլև հումանիտար տարրերը ու նույնիսկ շտապօգնության մեքենաներն էր թիրախավորում։ Մարդիկ այստեղ չեն ուզում լքել իրենց բնակավայրերը, ինչը մեծացնում է խաղաղ բնակչության հանդեպ ռազմական գործողությունների ռիսկը։ Այս ամենը պետք է խիստ գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից, ուստի ևս մեկ անգամ բոլորից խնդրում ենք ուշադրություն թշնամու վերջին գործողությունների նկատմամբ և հստակ ճնշումներ՝ դրանց կրկնությունը կանխելու համար»,- ասել է մարզպետը։

Քանի որ Լին Թրեյսին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, հանդիպման ավարտին նշել է․ «Իրավիճակը Սյունիքում, առհասարակ Հայաստանում միշտ իմ մտքում կլինի, և եթե կա բան, որ կարող եմ անել ու օգնել այստեղ խաղաղության հաստատմանը, ապագայում ևս կանեմ, անկախ նրանից, թե որտեղ եմ»։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 4 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: