Նախատեսվում է Երևանում ձևավորել երկու նոր՝ քրեական և քաղաքացիական դատարաններ

court armenia

Արդարադատության նախարարությունն առաջարկում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի փոխարեն ձևավորել երկու նոր դատարաններ՝ Երևան քաղաքի քրեական և քաղաքացիական դատարանները:

«ՀՀ դատական օրենսգիրք» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մշակման անհրաժեշտությունը, ըստ նախարարության՝ պայմանավորված է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռնվածությամբ։

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, լինելով ՀՀ-ում ընդհանուր իրավասության դատարաններից մեկը, Դատական օրենսգրքի համաձայն՝ պետք է գործի առնվազն 62 դատավոր թվակազմով, որում առանձնացված են քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորները: Այս պահի դրությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում պաշտոնավարում են թվով 72 դատավորներ, որոնցից՝ քրեական մասնագիտացմամբ՝ 33-ը, իսկ քաղաքացիական մասնագիտացմամբ՝ 39-ը։ Ներկայացվածից ակնհայտ է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռնվածությունը՝ մյուս դատարանների համեմատությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից նշում են, որ ծանրաբեռնվածության պայմաններում երբեմն անհնար է դառնում դատարանի բնականոն գործունեության կազմակերպումն ու ապահովումը, «ինչն էլ իր ազդեցությունն է թողնում անձանց դատական պաշտպանության իրավունքի պատշաճ իրացման ապահովման վրա»։

Մեկնաբանել