Ինչո՞ւ է Ադրբեջան-Հայաստան սրացումը տեղի ունենում հիմա․ Միջազգային ճգնաժամային խմբի բացատրությունը

Բրյուսելում տեղակայված Միջազգային ճգնաժամային խումբ (International Crisis Group – ICG) հետազոտական կենտրոնը հարցուպատասխան-զեկույց է հրապարակել սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների մասին։ Զեկույցի հեղինակները նշում են հնարավոր պատճառները, թե ինչու է Ադրբեջանը հիմա սրում իրավիճակը։ Զեկույցից մի հատված թարգմանաբար՝ ստորև։

Ինչո՞ւ է էսկալացիան տեղի ունենում հիմա

Նախ, Ադրբեջանը հնարավոր է՝ օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմից, որը շեղել է ոչ միայն Մոսկվային, այլև Փարիզին ու Վաշինգտոնին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, որոնք մինչև վերջերս խաղաղության բանակցությունների գլխավոր հովանավորն էին։ Ըստ այս վարկածի, որի հետ շատերն են համակարծիք Երևանում, երբ համանախագահների ուշադրությունը շեղված է, Բաքուն օգտագործում է պահը՝ բարելավելու ռազմավարական քարտեզը հօգուտ իրեն և ավելի լավ դիրքավորվելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ըստ այս պատկերացման՝ ադրբեջանական լրատվամիջոցները, այդ թվում՝ կառավարությանը մոտ կանգնածները, ինչպես նաև ադրբեջանցի մի նշանավոր պատգամավոր, կոչ են անում ավելի շատ տարածքներ վերահսկողության տակ առնել Հայաստանի հետ սահմանի երկայնքով: Ոմանք այս քայլը որակում են պաշտպանողական, իսկ ոմանք էլ դա համարում են լրացուցիչ լծակ Հայաստանի հետ բանակցությունների համար:

Երկրորդ, Ադրբեջանը, հնարավոր է, շտապում է։ Բաքվում [ICG-ի հետ զրուցած] իշխանամետ վերլուծաբանը ենթադրում է, որ Ալիևը ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել առաջիկա երկու-երեք ամսում: Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ նա սպասում է 2023-ի հունիսին կայանալիք Թուրքիայի ընտրություններին և անհանգստացած է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն իր հավատարիմ աջակիցն է, կարող է թուլանալ՝ այդպիսով խաթարելով բանակցություններում Անկարայի աջակցությունը Ադրբեջանին: «Թուրքիայի ցանկացած կառավարություն կաջակցի Ադրբեջանին, բայց ոչ բոլոր կառավարությունները կպաշտպանեն Ադրբեջանի շահերը Ռուսաստանից անկախ կլինեն Արևմուտքից, ինչպիսին է Էրդողանը»,- ICG-ին ասել է Բաքվի կառավարամետ վերլուծաբանը:

Երրորդ՝ Երևանում շատերը էսկալացիան պայմանավորում են նրանով, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի տարածքով դեպի իր էքսկլավ Նախիջևան ռուս սահմանապահների վերահսկողությամբ միջանցք ստանալ։ Ռուսաստանի միջնորդությամբ կնքված զինադադարը, որով վերջ դրվեց 2020-ի պատերազմին, կոչ էր անում բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր տրանսպորտային ուղիները, ներառյալ այն ճանապարհները, որոնք Ադրբեջանը կապում են Նախիջևանի հետ: Ըստ բանակցություններին ծանոթ արևմտյան դիվանագետների՝ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները մոտ էին երթուղիների շուրջ համաձայնության հասնելուն 2022-ի գարնանը: Սակայն այս հարցում բեկումնային հույսերը, որը դիվանագետները համարում էին ամենահեշտ լուծումներից մեկը՝ դրանում ընդհանուր տնտեսական բաժնեմասի պատճառով, մարեցին օգոստոսի 31-ի գագաթնաժողովում [Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը]:

Վերջապես, Բաքվում ոմանք պնդում են, որ Ադրբեջանը ցանկանում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ վերադարձնելու Հայաստանի վերահսկողության տակ ութ գյուղերը, որոնք գտնվում են Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում, ինչը համապատասխանում է խորհրդային ժամանակաշրջանի վարչական քարտեզին: Հայաստանն իր հերթին ունի անկլավ Ադրբեջանում՝ Արծվաշենը, որը Բաքվի վերահսկողության տակ է։ «Ադրբեջանը կփորձի օգտագործել Հայաստանի տարածքում գտնվող նոր տարածքները [իր վերահսկողությունը] որպես սակարկության առարկա՝ անկլավները հետ բերելու համար»,- ասել է տեղացի փորձագետը՝ հավելելով, որ այդ հարցը Բաքվի համար առաջնահերթություն է 2020-ից։

Զեկույցն ամբողջությամբ՝ Upholding the Ceasefire between Azerbaijan and Armenia

Պատրաստել է Կարեն Հարությունյանը

Մեկնաբանել