Ֆերգյուսոնն ու Վենգերը բանակցում են Ռոբին վան Պերսիի տրանսֆերի շուրջ

Անգլիական մի քանի մարզական թերթեր և կայքեր այսօր տեղեկություններ են հաղորդել Լոնդոնի«Արսենալի» հարձակվող Ռոբին վան Պերսիի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության շուրջ ընթացող բանակցությունների մասին:

The Daily Mail-ը գրում է, որ Ալեքս Ֆերգյուսոնը որոշել է միջամտել իրադրությանը և անձամբ կապվել է Արսեն Վենգերի հետ, չնայած որ նրանք երբեք լավ հարաբերություններ չեն ունեցել: Այժմ «Արսենալը» բարելավված առաջարկության է սպասում «Յունայթեդից», որը ցանկանում է ավարտել գործարքը մինչև Պրեմիեր լիգայի մեկնարկը: Վենգերը Ֆերգյուսոնին ևս մեկ անգամ հայտնել է, որ հոլանդացուն կվաճառի միայն 30 մլն ֆունտ ստերլինգի դիմաց, սակայն ակումբի ղեկավարությունը պատրաստ է հրաժավել Վան Պերսիի ծառայություններից 20 մլն ֆունտի դիմաց:

The Sun-ը պնդում է, որ Վան Պերսիի տրանսֆերային արժեքը կկազմի 22 մլն ֆունտ: Աղբյուրի տվյալներով՝ «կանոնիրները» հոլանդացու համար պահանջում էին 25 մլն, սակայն նվազեցրել են իրենց պահանջները, քանի որ չեն ցանկանում թիմում պահել մի ֆուտբոլիստի, ով հաջորդ տարի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ կստանա:

The Mirror-ը տեղեկացնում է, որ «Յունայթեդը» նոր առաջարկություն կանի առաջիկա 48 ժամերի ընթացքում, իսկ Վան Պերսին կդառնա «կարմիր սատանաների» խաղացող մինչև այս շաբաթվա վերջ:

Մեկնաբանել