Իսկ Ջերմուկում թշնամու խմբավորման սնունդը չսպառվե՞ց

ՀՀ այն քաղաքացիները, որոնք ապրում և որոշում ունեն շարունակելու ապրել Հայաստանի Հանրապետությունում, կարծում եմ` կարող են և պետք է իմանան` ինչ պատահեց թշնամու այն խմբի հետ, որի մասին հայտարարեց ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Էդվարդ Ասրյանը սեպտեմբերի տասնվեցին։

Քանի որ ՀՀ ԶՈՒ շտաբի պետը հայտարարություն է արել այս մասին, կարելի է հասկանալ, որ որևէ գաղտնիք չկա։ Գոնե հայտարարության պահից սկսած։ Եվ մենք` որպես այս երկրի քաղաքացի, կարող ենք պահանջել հայտարարության շարունակությունը։

«Ջերմուկ քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունը նախկին 11-ի փոխարեն այժմ 4,5 կմ է»,- ասել էր նա։ Ասրյանը վստահեցրել էր, որ խոսքը միայն մեկ խմբի մասին է, որը կտրված է իր ստորաբաժանումից և գտնվում է բլրի գագաթին։

«Կենսունակության տեսանկյունից, եթե հակառակորդի այդ խմբի սնուցում չլինի՝ թե՛ սննդով, թե՛ ջրով, հատուկ պատրաստված ստորաբաժանում լինի, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվ կսպառվեն, և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալ։ Խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից»,- ասել էր Ասրյանը։

Սեպտեմբերի տասնվեցից անցել է տասներեք օր։

Եվ հնարավոր ենթադրոթյունները սրանք են․ 1․հակառակորդի սնուցում կա, 2․ հակառակորդի սնուցում չի եղել, և նրանք ետ են քաշվել, ու Ջերմուկ քաղաքն ու մերձակայքը ապահով են, 3․ հակառակորդի խմբավորումը, սնուցում չստանալով, զոհվել է Ջերմուկի մերձակա սարի գագաթին։

Չընդհատվող պատերազմի մեջ գտնվող երկրի քաղաքացիները պետք է իմանան այս ենթադրոթւոյւններից որն է ճիշտ։

Հասկանալի է նաև, որ եթե ադրբեջանական խմբավորումը ետ շպրտված լիներ, ապա լուրը կհասցվեր հանրությանը։ Ուստի՝ հարց՝ այդ խմբի սնունդը չսպառվե՞ց։

Եվ եթե նրանք Ջերմուկ քաղաքից դեռ 4,5 կմ հեռավորության վրա են, ինչը մոտավորապես Օպերայի շենքից մինչև Կոմիտասի պողոտայի կենտրոնական հատվածն է, ապա ՀՀ կառավարության նիստի օրակարգը կարո՞ղ է լինել Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը սահմանելու մասին։

Կամ՝ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները սահմանելու մասին։

Երբ թշնամու խմբավորումը Ջերմուկ քաղաքից 4,5 կմ հեռավորության վրա է, ՀՀ քաղաքացու ամենաանհետաձգելի խնդիրը մանակապարտեզի դաստիարակի, խոհարարի աշխատավա՞րձն է։

Օրվա մեջ աննկատ, լրահոսի մի լուսանցքում առկայծող «երեք զոհ»-ը, որոնք, անհասկանալի պատճառով չունեն անուն, ազգանուն, հայրանուն, լուսանկար, այլ զուտ չոր վիճակագրություն են, Ջերմուկից 4,5 կմ հեռավորթյան վրա գտնվող այդպես էլ քաղցից չհյուծված խմբավորման ձեռքի «շնո՞րհքն» է։

Վստահ եմ՝ Երևանի, Ջերմուկի ու հարակից շրջանների մանակապարտեզների դաստիարակները, հավաքարարներն ու խոհարարները կզիջեին իրենց հարցի քննարկումը կառավարոթւյան նիստի օրակարգ մտցնելը, որովհետև այլ է նրանց օրվա տագնապը։