Քաջարանում ՏԻՄ ընտրապայքարի մեջ մտած երեք ուժերն էլ ակնկալում են միայն հաղթանակ

Սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզի Քաջարան համայնքում տեղի կունենան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։ ՏԻՄ համամասնական կարգով այստեղ առաջադրվել է երեք կուսակցություն և մեկ դաշինք։ Ընտրապայքարին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցությունները և նոր ձևավորված՝ «Դեպի միասնություն» դաշինքը։

Իշխող ուժի՝ ՔՊ կուսակցության ցուցակում ընդգրկված է 45 անձ, ցանկը գլխավորում է Արմեն Առաքելյանը։

«Հանրապետություն» կուսակցության կազմում 35 թեկնածու կա. առաջին համարը Վարդան Գևորգյանն է:

«Դեպի միասնություն» 45-հոգանոց դաշինքի ընտրական ցուցակը գլխավորում է Քաջարան համայնքի ներկայիս ղեկավար Մանվել Փարամազյանը։

«Հիմա անկուսակցական եմ,- Սիվիլնեթի հետ զրույցում նշեց Մանվել Փարամազյանը, – ամիսներ առաջ իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից։ Մեր ցուցակում ընդգրկված են կրթված և գրագետ մարդիկ՝ մտավորականներ, բժիշկներ, մանկավարժներ, մարզիկներ, իհարկե, նաև արդյունաբերական ոլորտի աշխատակիցներ»: Մասնագիտությամբ իրավագետ Փարամազյանը պայքարի մեջ է մտնում հաղթանակի ակնկալիքով: Վստահեցնում է՝ մյուս թեկնածուների հետ լարվածություն չունի, պարզապես ընտրապայքար է, և իրենք կենտրոնացած են քարոզարշավի և կիսատ թողած գործերի վրա։

«Դեպի միասնություն» դաշինքի առաջատրի համոզմամբ՝ ընտրություններն անցնելու են ազատ, արդար։

«Հանրապետություն» կուսկացությունը գլխավորող Վարդան Գևորգյանը 14 տարի ղեկավարել է Քաջարան համայնքը։ Ունի բարձրագույն կրթություն, 2020-ից մինչ այսօր աշխատում է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում՝ որպես գիտնական-վերլուծաբան, դասախոս, ինչպես նաև պահեստազորի փոխգնդապետ է։ Սիվիլնեթի հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ ընտրությունները պետք է անցնեն արդար․ նա չի կարծում, թե ընտրությունները կարող են կեղծվել:

Սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Արմեն Առաքելյանը։

ՍիվիլՆեթի հետ զրույցում Առեքելյանն ասաց․ «Պայքարի մեջ եմ մտնում միայն ու միայն հաղթանակի ակնկալիքով։ Մյուս թեկնածուների հետ ընդհարումներ չունեմ և նրանց մաղթում եմ ամենայն բարիք։ Հուսով եմ, որ ընտրախախտումներ չեն լինի։

Թեկնածուներից ամենակրտսերը ես եմ ու ամենայն հարգանքով եմ վերաբերվում ավագների նկատմամբ, – ամփոփեց Առաքելյանը»։

Սեպտեմբերի 25-ին Քաջարան քաղաքի ու նրան միացված 21 բնավկավայրի 6 542 ընտրողները իրենց ձայները կտան 3 թեկնածուի։

Առաջիկայում ընտրությունների է պատրաստվում նաև Սիսիան համայնքը։ Ի տարբերություն Քաջարանի՝ Սիսիանում ավելի թեժ ընտրապայքար է սպասվում․ ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 7 քաղաքական ուժ։

Արմինե Սիմոնյան, Գորիս

Մեկնաբանել