44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը Հայաստանին զենք մատակարարե՞լ է

44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը Հայաստանին զենք մատակարարե՞լ է

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գագիկ Մելքոնյանը սեպտեմբերի 28-ին «Ազատության» հետ զրույցում պնդել է, որ Ռուսաստանը 44-օրյա պատերազմից ի վեր Հայաստանին զենք չի մատակարարել։ Խոսելով Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կողմից հայաստանցի պաշտոնակցին՝ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանին նախորդ տարի նվիրած դաշույնի մասին, Մելքոնյանը ասել է. «Դա միակ զենքն էր, որ եկավ Հայաստան»։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 19-ին, «Ֆակտոր» լրատվականի հետ զրույցում Մելքոնյանը կրկին ասել էր, որ 2020-ի պատերազմից ի վեր Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն չի վաճառել։ Նա նաև հավելել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարներն այս ընթացքում անընդհատ եղել են Մոսկվայում, հանդիպել են Ռուսաստանի իրենց պաշտոնակցին և խոստումներ ստացել։ «Այդ խոստումները մնացել են օդի մեջ»,- պնդել էր Մելքոնյանը։

Ինչ է մատակարարվել

Չնայած Մելքոնյանի հայտարարությանը, որ 2020-ի նոյեմբերից հետո Ռուսաստանը Հայաստանին զենք չի մատակարարել, 2022-ի հունվարին պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ զինված ուժերը համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։

Դրանք ռուսական արտադրության Ми-8МТВ-5 ուղղաթիռներ են, որոնք Ми-8 ուղղաթիռների ռազմական գործածության համար արդիականացված տարբերակներից են։ Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI)-ի տվյալների՝ Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել այդպիսի չորս ուղղաթիռ։ Միաժամանակ, դրանց վաճառքի տարի է նշվում 2020-ը, չնայած փաստացի առաքվել են 2022-ի սկզբին։

Հայաստանի ձեռք բերած Մի–8 ուղղաթիռներից մեկը «Էրեբունի» օդանավակայանում (նկարը՝ ՊՆ-ի)

Ինչ է հայտարարվել Ռուսաստանից զենքի ձեռք բերման մասին

2021-ի օգոստոսին այն ժամանակվա պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել էր Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Շոյգուին, որը նրան դաշույն էր նվիրել և հայտարարել. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»:

Նույն ամսվա ընթացքում Կարապետյանը կրկին այցելել էր Մոսկվա՝ մասնակցելու «Արմիա-2021» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ Նա հայտարարել էր, որ Հայաստանը պլանավորում է ունենալ նոր և որակով սպառազինություն։ «Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց: Դա մեր քաղաքականությունն է»,- հավելել էր նա։

Փոխնախարար Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը ևս մասնակցել էր ցուցահանդեսին։ ՊՆ-ն հայտնել էր, որ պատվիրակությունը պայմանագրեր է կնքելու Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության, «Ռոսօբորոնէքսպորտ», «Իրկուտ», «ԿամԱԶ», «Ուրալվագոնզավոդ», «ԿՏՌՎ» և այլ կազմակերպությունների ղեկավարների հետ։ Սա հաստատել էր նաև Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուց հետո, այս տարվա ապրիլին կրկին տեղեկություններ էին տարածվել, թե ՌԴ-ն դադարել է սպառազինություն մատակարարել ՀՀ-ին: Այդ ժամանակ #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան ՊՆ-ից հայտնել էին, որ զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն իրականացվում են գնման գործընթացների շրջանակներում կնքված պայմանագրերի հիման վրա, պայմանագրերով նախատեսված մատակարարումներն իրականացվում են պայմանագրերով սահմանված կարգով և ժամկետներում:

Հարյուր միլիոնավոր դոլարների զենք չի եկել

Սեպտեմբերի 29-ի կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը, խոսելով սպառազինության ձեռք բերման մասին, ասաց. «Ցավոք, նրանք (Ադրբեջանը-խմբ.) որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով։ Որտեղ հնարավոր է՝ նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի։ Մենք դեպքեր ունենք, երբ որ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում՝ այդ թվում դաշնակից երկրների կողմից»։

Խոսքը, հավանաբար, Ռուսաստանի մասին է, բայց այս մասին վարչապետը հրապարակայնորեն խոսում է առաջին անգամ։

Այպիսով, չնայած Մելքոնյանի պնդմանը, թե 44-օրյա պատերազմից հետո ՌԴ-ն ՀՀ-ին զենք չի տվել, Ռուսաստանից այս տարեսզբին ուղղաթիռներ են մատակարարվել Հայաստան։ Սակայն այլ մատակարարումների մասով բաց աղբյուրներում որևէ տեղեկություն չկա։

Վերջին օրերին #CivilNetCheck-ը ևս մի հարցում է ուղարկել ՊՆ՝ Ռուսաստանից զենքի մատակարարումների վերաբերյալ, սակայն պաշտպանական գերատեսչությունը 30 օր է խնդրել պատասխանի համար։

Մեկնաբանել