Հայ-իրանական սահմանն ու Իրանի համբերության սահմանները

Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումները ստիպում են Իրանին ավելի կենտրոնացնել ուշադրությունը տարածաշրջանային գործընթացների ուղղությամբ՝ մտքում պահելով սահմանների փոփոխության վերաբերյալ մտահոգությունը: Դրանով էր պայմանավորված սեպտեմբերի 28-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավիի այն առաջարկը, ըստ որի՝ Թեհրանը ցանկանում է բանակցային հարթակ տրամադրել Ադրբեջանին և Հայաստանին՝ հանդիպումներ անցկացնելու երկկողմ, եռակողմ և «3+3» ձևաչափով: Սա վկայում է այն մասին, որ Թեհրանը փորձում է ներգործություն ունենալ հայ-ադրբեջանական հակամարտությունում՝ հնարավորինս միջամտելով սահմանային և հաղորդակցային ուղիների հարցերին:

Տարածաշրջանային գործընթացների հանդեպ Իրանի զգայունության մասին է վկայում այն փաստը, որ Թեհրանը Մուսավիի միջոցով առաջարկը հնչեցրել է անգամ Իրանին ուղղված Ադրբեջանի կոշտ պատասխանից հետո։ Օրերս Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով Իրանի՝ միջնորդական ջանքերին միտված ակտիվությանը և «կարմիր գծերի» մասին հայտարարություններին, մատնացույց էր արել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բրյուսելյան և մոսկովյան ձևաչափերը: Դրանով ադրբեջանական կողմը հասկացրել էր Թեհրանին, որ բանակցային հարթակի փոփոխություն չի հանդուրժի: Ավելին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Նախիջևանին կապող ճանապարհի հարցում միջանցքի հանդեպ ունեցած Իրանի անհամաձայնությունը, ցինիկորեն պատասխանել էր, թե այդ մտահոգությունը «իրականությունից հեռու է»: Ընդ որում՝ Բաքուն այդ պնդման համար որևէ փաստարկ չի ներկայացրել՝ դրանով իսկ ցույց տալով իրանական օրակարգի անկարևորությունն իր համար:

Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ևս մեկ պետության ներգրավումը, որը բազմաթիվ ընդհանուր շահեր ունի Հայաստանի հետ, որևէ կերպ չի համապատասխանում Ադրբեջանի շահերին:

Իրանը բացմիցս դեմ է արտահայտվել տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխության, իսկ սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական նոր հարձակումից հետո Թեհրանն առաջին անգամ մասնավորեցրեց, որ այդ մոտեցումը վերաբերում է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին: Իսկ Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Բաղերին ադրբեջանական կողմին անգամ ակնարկող սպառնալիք էր հնչեցրել նշելով, որ Իրանը չի հանդուրժի սահմանների որևէ փոփոխություն՝ կոչ անելով Բաքվին և Երևանին խնդիրները հարթել բանակցությունների միջոցով: Ինչպես հայտնի է, Իրանը ադրբեջանական էսկալացիայի օրերին մարտական պատրաստության էր բերել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող իր զինված ուժերը, ինչը նորից լավատեսական տրամադրություններ էր առաջացրել Հայաստանում:

Հընթացս հուզող հարցերից է այն, որ եթե Թեհրանին չհաջողվի հարթակ դառնալ հայ-ադրբեջանական բանակցությունների համար (հավանականությունը քիչ է), ապա, որոնք են լինելու Իրանի «կարմիր գծերի» սահմանային աշխարհագրությունը:

Որքան էլ Թեհրանը դեմ արտահայտվի հայ-ադրբեջանական սահմանների փոփոխություններին՝ տրամաբանական է, որ Իրանին առավելապես մտահոգում է Հայաստանի հետ ցամաքային կապը: Այլ կերպ ասած՝ Իրանի համար Հայաստանի այլ տարածքների դեմ Ադրբեջանի ուղիղ ագրեսիան չունի այն նշանակությունը, ինչ հայ-իրանական երկկողմ սահմանների անխափանությունը, ուստի Իրանը դժվար թե դիմի այլ քայլերի:

Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումն ու ագրեսիվ հռետորաբանությունը ցույց են տալիս, որ իրանական կողմի նախազգուշացնող քայլերը չեն կարող հետ պահել Բաքվին Նախիջևանի հետ հաղորդակցություն հաստատելու հարցում:

Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Թեհրանի համար «լուծված» է, ապա միջանցքի խնդրում որքան էլ նա կիսի Հայաստանի դիրքորոշումը, միևնույն է, չի տիրապետում դիվանագիտական անհրաժեշտ գործիքակազմի՝ ազդելու կամ խափանելու ադրբեջանական օրակարգի այդ նպատակը, որն ուղեկցվում է Անկարայի լայն աջակցությամբ:

Նույնիսկ Բաքվի ու Թեհրանի համաձայնեցրած՝ Ադրբեջանը Նախիջևանին միացնող նոր հաղորդակցության նախագիծը (Հայաստանի հարավային սահմանից շուրջ 5 կմ հեռավորությամբ) փոքր-ինչ չի նվազեցրել Հայաստանով անցնելիք ճանապարհի նշանակությունը Բաքվի համար. այն միայն ավելացրել է ադրբեջանական և իրանական կողմերի տարանցիկ ճանապարհների հնարավորություններն ու նրանց համագործակցության դաշտը:

Ամենայն հավանականությամբ, Իրանը միայն մի դեպքում կդիմի ռազմական միջամտության ընդդեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի․ այն է՝ եթե Ադրբեջանը միջանցք բացի ուժի գործադրմամբ՝ փակելով հայ-իրանական սահմանը: Բոլոր մյուս դեպքերում Թեհրանը շարունակելու է Հայաստանին և Ադրբեջանին «մոտ պահել» ակտիվ դիվանագիտական աշխատանքի միջոցով՝ անընդհատ փորձելով մեծացնել Իրանի դերակատարությունը կողմերի համար:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդության հարցում Իրանի շտապողականությունն ունի ևս մեկ պատճառ․ նա գիտակցում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հարավային Կովկասի ուղղությամբ Մոսկվայի ուշադրության շեղումը ուղիղ համեմատական է ադրբեջանա-թուրքական գործոնի ուժեղացմանը, ինչը հարվածում է իր ազգային շահերին:

Մեկնաբանել