Զորքերի հետքաշումը ելման դիրքեր խնդիրները լուծելու միակ հուսալի հիմքն է. ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ զորքերի հետքաշումը ելման դիրքեր միակ հուսալի հիմքը կարող է լինել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Կոպիրկինը նման կարծիք է հայտնել Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում լրագրողների հետ զրույցում:

Նա նշել է, որ ռազմական բախումների ճանապարհը չի կարող հանգեցնել առկա խնդիրների լուծմանը․ «Մենք ելնում ենք նրանից, որ միայն քաղաքական, դիվանագիտական ջանքերը կարող են լուծման բերել»,- ասել Կոպիրկինը:

Դեսպանը հավելել է, որ Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքական կարգավորման գործընթացը, որը գործարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, շարունակվի՝ չնայած բոլոր խնդիրներին և հակասություններին․ «Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, կողմերին աջակցում ենք ընդհանուր մոտեցումների հասնելու հարցում: Դա հեշտ չէ, մեծ ջանքեր են պահանջվում, բայց մենք դա արել ենք և մտադիր ենք անել հետագայում ևս»,- ասել է նա:

Անդրադառնալով ՌԴ-ից Հայաստանին զենք մատակարարելու հարցին, Կոպիրկինն ընդգծել է, որ պատրաստ չէ մեկնաբանել այդ թեման՝ հաշվի առնելով դրա զգայուն լինելը․ «Դա պետք է անեն պրոֆեսիոնալները, բայց դա ոլորտ է, որը մեր դաշնակցային հարաբերությունների մասն է»:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 4 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից, հայ-ադրբեջանական սահմանին հաստատվել էր հրադադար։

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել էին հրադադարի ռեժիմը՝ ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ բացելով սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարի խոսնակը հաղորդել էր, որ հայկական կողմն ունի երեք զոհ։ Սեպտեմբերի 28-ի ժամը 22:00-ից իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական կայուն է:

Մեկնաբանել