Ադրբեջանը, «խաղաղությունն» ու հայ զինվորի քլունգը

Սեպտեմբերի սկզբից մինչև օրս Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը հասել է 210-ի: Տեղի ունեցածը դուրս է դիրքային բարելավումների համար տեղային բախումների տրամաբանությունից: Բաքվում հասկանում են` Ռուսաստանի դիրքերը թուլացրած ուկրաինական պատերազմը փոխել է ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո հաստատված ստատուս քվոն: Ուստի Ադրբեջանի համար հարմար պահ է պատերազմի արդյունքնները թղթի ու գետնի վրա ֆիքսելու համար:

Հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան էսկալացիան, իսկ դրանից առաջ 2021թ. նոյեմբերին և մայիսին ադրբեջանական հարձակումները, վկայում են մեկ բանի մասին՝ Ադրբեջանը առնվազն ցանկանում է զավթել միջանցք, իսկ հնարավորության դեպքում՝ գրավել Սյունիքը: Այսպես, Բաքուն հայելային տարածքային պահանջ կամ նման սպառնալիք է ստեղծում Հայաստանի նկատմամբ` Արցախի հարցը վերջնականապես փակելու նպատակով: Նույն ժամանակահատվածում Հայաստանում բազմասերիանոց քննարկումներ են՝ զենք ձեռք բերելու, զինված ուժերը բարեփոխելու և սահմանին ինժեներական աշխատանքներ անելու դժվարությունների մասին:

Հայաստանում շատ հաճախ հատվածաբար են դիտարկվում Ադրբեջանի կամ Թուրքիայի գործողությունները և փորձ չի արվում տեսնելու ծառերի հետևում անտառը:

Երբ 2021-ի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը գրավեցին Սյունիքի մարզի Սև լճի մի մասը, Երևանում հայտարարվեց խաղաղության օրակարգից չշեղվելու ու դրա համար պատերազմ չանելու մասին: Նույն տարվա նոյեմբերին 16-ին Ադրբեջանը հարձակում գործեց Սյունիքի Իշխանասար լեռան ուղղությամբ, տեղի ունեցան հրետանային մարտեր: Հայկական կողմը տվեց յոթ զոհ, տասը հոգի գերեվարվեց։

2022-ի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը ձեռնարկեց 2020-ի պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումը՝ Գեղարքունիքից մինչև հայ-իրանական սահման։ Հրետակոծեց ՀՀ քաղաքներն ու գյուղերը, ՀՀ տարածքից գրավեց առնվազն 15 քառակուսի կմ։ Հայաստանի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հայտնեց տարածքային կորուստների, դրան զուգահեռ՝ Զերմուկի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների շրջափակման մասին, որոնք «վաղ թե ուշ հետ են քաշվելու»:

Սեպտեմբերի 28-ին նույն ուղղությամբ, հավանաբար, «շրջափակման» մեջ հայտնված ադրբեջանական ստորաբաժանումները ինտենսիվ կրակ բացեցին ինժեներական աշխատանքներ կատարող հայկական զորքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը երեք զոհ ունեցավ: Սեպտեմբերի 29-ի դրությամբ հայկական կողմն ունի առնվազն 210 զոհ և անհայտ կորած։

Ի դեպ, նույն Էդվարդ Ասարյանը 2021-ի մայիսի 27-ին ԳՇ պետի տեղակալի պաշտոնում ասուլիսի ժամանակ հայտնել էր «ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների՝ սահմանի տարբեր ուղղություններով շրջապատված» լինելու մասին: Զարմանալի զուգադիպությամբ, ինչպես անցյալ տարի, այնպես էլ այժմ «շրջապատված» ադրբեջանական ստորաբաժանումները ոչ միայն չեն լքում ՀՀ տարածքը, այլև նոր ռազմական ագրեսիա են ձեռնարկում ու հաջողության հասնում:

Գլխավոր շտաբը կամ պաշտպանության նախարարությունը չե՞ն ցանկանում հանրությանը տեղեկացնել շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական ստորաբաժանումների ճակատագրի մասին:

Այս հարցի, ինչպես նաև հայկական բնագծերի խիստ թերի կահավորվածության մասին գրեթե քննարկումներ չկան, հատկապես իշխանամետ լրատվամիջոցներում: Դրա փոխարեն, Ռուսաստանին հասցեագրված մեղադրանքներ՝ որքան ուզես: Այո, ռուսական անվտանգության անձրևանոցը ծակ է, Ռուսաստանը չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, դիվանագիտական մեխանիզմներից այն կողմ չի անցնում, քանի որ Արևմուտքի հետ տնտեսական պատերազմի պայմաններում օդի ու ջրի պես Ադրբեջանի ու Թուրքիայի ճանապարհների և միջանցքների կարիքն ունի:

Ռուսաստանին հակադրվելը չի լուծելու Հայաստանի խնդիրները, այլ ստեղծելու է նորերը: Եթե Ռուսաստանի դեմ արվող հայտարարությունների տակ չկան հաշվարկներ, և դրանք էմոցիոնալ պոռթկումներ են, ապա հետևանքները կարող են շատ ծանր լինել: Պարզ չէ` կա՞ն արդյոք այդ հետևանքները կառավարելու մեխանիզմներ ու հաշվարկներ:

Մյուս կողմից, հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ այս օրերին Վարդենիսի, Զերմուկի և այլ ուղղություններում ադրբեջանական կողմն իրականացնում է հսկայածավալ ամրաշինական աշխատանքներ՝ ներգրավելով մեծ թվով տրակտորներ ու շինտեխնիկա: Իսկ հայկական կողմում բնագծերի կառուցման ողջ բեռն ընկած է զինծառայողների վրա, որոնք ապավինում են քլունգներին ու բահերին: Վերջիններիս մի մեծ մասն էլ առաջնագիծ է հասցվում մասնավոր դրամահավաքների միջոցով: Սա բաց գաղտնիք է, այս մասին գիտեն շատ-շատերը, բայց միմյանց հետ խոսում են շշուկով: Ռուսաստա՞նն է մեղավոր:

Պետական ապարատի աննկարագրելի ոչ արդյունավետության մասին է վկայում այն, որ պատերազմից երկու տարի անց զորքը դեռ համազգեստի, սաղավարտի ու զրահաբաճկոնի մատակարարման խնդիր ունի:

Գլոբալ տուրբուլենտության պայմաններում մերկ կամ թերկահավորված սահմաններով չես կարող Շվեյցարիա կառուցել Հարավային Կովկասում, որտեղ խախտված է ուժերի հավասարակշռությունը: Բանակցային զիջումներն էլ չեն երաշխավորում խաղաղություն: «Հնարավոր չէ պայմանավորվել գազանի հետ, երբ քո գլուխը նրա երախում է» հայտնի խոսքը կիրառելի է Հայաստանի պարագայում:

Ստեղծված ծանր դրությունից ելքերը շատ չեն՝ կամ Հայաստանը ստորագրում է կապիտուլյացիա, որը փրկության ամուր երաշխիք չէ, կամ շատ արագ վերականգնում է իր պաշտպանական ներուժը և բարձրացնում կառավարման արդյունավետությունը՝ որոշումների արագ կայացում-օպերատիվ կիրառում բանաձևով, ինչպես նաև փորձում է ստանալ Իրանի աջակցությունը, որը հայտարարում է Հայաստանի հետ սահմանի, տվյալ պարագայում՝ Սյունիքի կայունության մասին:

Այս բաանաձևի կողմնակից է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն առաջարկում է Իրանի հետ սկսել զորավարժություններ Սյունիքում, ձևավորել պայմանագրային բազա՝ հնարավոր ճգնաժամերի կառավարման համար: Քոչարյանը նաև հայտնում է, որ նման առաջարկ եղել է 2021-ի մայիսին, սակայն հայկական կողմը դրան ընթացք չի տվել: Երկրորդ նախագահը, սակայն, չի ասում ողջ ճշմարտությունը: Սյունիքում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազայի առանձին գումարտակն ու խաղաղապահ զորախմբի ավիացիոն խումբը, Իրանի հետ զորավարժություններ անցկացնելու համար առնվազն պետք է ունենալ Մոսկվայի համաձայնությունը: Մեր տեղեկություններով, հաշվի առնելով այս հանգամանքը, հայկական կողմն առաջարկել է զորավարժություններն անցկացնել եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի հետ համատեղ: Առաջարկը մերժել է Մոսկվան:

Հայտնի չէ, թե արդյոք հետագայում եղել են փորձեր նույն ձևաչափով զորավարժություններ անցկացնելու կամ Հայաստանի պաշտպանության հարցում Իրանի ներգրավվածությունը բարձրացնելու ուղղությամբ: Դատելով նրանից, որ Հայաստանի իշխանություննները քաղաքականությունը պատկերացնում են որպես ստատիկ երևույթ, այլ ոչ թե գործընթաց, դժվար թե փորձել են:

Արդեն իսկ ակնհայտ է, որ Ադբեջանին պետք չէ խաղաղություն՝ Հաայստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար: Ադրբեջանին պետք է Արցախը, միջանցքն ու, հնարավորության դեպքում, Սյունիքը: Սա նշանակում է, որ Հայաստանը գոնե այս պահին չունի խաղաղության հարցում գործընկեր ի դեմս Ադրբեջանի:

Երևի թե արժե մտածել այդ օրակարգի և դրա սպասարկման համար ձևավորված կառավարության կազմի փոփոխության մասին: Դժվարանում եմ ասել՝ կա՞ն կառավարությունում նման քննարկումներ, թե՞ ոչ:

Հայտնի չէ՝ մշակվե՞լ են արդյոք մեխանիզմներ պետությունը շատ արագ ռազմական ռելսերի տեղափոխելու համար:

Պատկերացումներ կա՞ն` ինչպես լուծել պատերազմի ժամանակ ռազմավարական հաղորդակցության խնդիրը:

Պատասխանը, թերևս, ակնհայտ է։