«Արտատարածքային միջանցքի» մասին խոսք լինել չի կարող․ ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հարցազրույց է տվել Российская Газета թերթին, խոսել Հայաստանի հետ հարաբերությունների և տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրների մասին։ Օվերչուկը նշել է, թե Հայաստանում քաջ գիտակցում են, որ հետագա տնտեսական աճը զսպվում է տրանսպորտային շրջափակման պատճառով: «Այսօր մենք մեկ քայլ ենք հեռու դա վերացնելուց»,- ասել է Օվերչուկը։

Եվ հենց այդ խնդիրը լուծվո՞ւմ է Ադրբեջան-Հայաստան-Ռուսաստան եռակողմ ձևաչափո՞վ։

– Այո, ճիշտ այդպես: Հենց այդ՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով պետությունների ղեկավարների որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարների տեղակալների համանախագահությամբ։ Այս նպատակին հասնելը վճռական քայլ կլինի Հարավային Կովկասը լարվածության օջախից կայունության և տնտեսական բարգավաճման տարածաշրջան վերածելու ուղղությամբ։

Հաղորդակցությունների բացումը հնարավորություն կտա զարգացնել առևտրային և հումանիտար կապերը, թույլ կտա հարևաններին շփվել միմյանց հետ, և դա լավագույն միջոցն է տարածաշրջանի երկարատև վերքերի ամոքման համար։ Այդ ճանապարհները Ռուսաստանին նույնպես շատ են պետք, քանի որ դրանք անցնելու են բարեկամ երկրների տարածքներով և ամբողջ երկարությամբ գնալու են բարեկամ երկրներ։

Այնուամենայնիվ, լարվածությունը տարածաշրջանում շարունակվում է, և մարդիկ շարունակում են մահանալ: Այս ֆոնին ինչպե՞ս է ընթանում Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը։

– Հարավային Կովկասն իր պատմության ընթացքում եղել է քաղաքակրթությունների և առևտրային ուղիների խաչմերուկ, իրականում՝ Եվրասիայի աշխարհատնտեսական հանգույց: Կարևոր է տեսնել գլխավորը՝ տարածաշրջանում ներկաներից ոչ մեկին հակամարտություն պետք չէ, բոլորը շահագրգռված են հաղորդակցությունների զարգացմամբ և ցանկանում են մասնակցել այս գործընթացին։

Իհարկե, Եռակողմ աշխատանքային խումբը չի կարող աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող իրադարձություններից մեկուսացված։ Սահմանին իրավիճակի յուրաքանչյուր սրացում դանդաղեցնում է բանակցային գործընթացը. կողմերից մեկի համար անընդունելի եզրաբանության յուրաքանչյուր օգտագործում դանդաղեցնում է բանակցային գործընթացը։ Գործընթացը դանդաղում է ամեն անգամ, երբ նոր մասնակիցներ են փորձում մտնել այնտեղ՝ գուցե բարի նպատակներով: Ամեն անգամ, երբ դա տեղի է ունենում, բանակցություններում դադար է լինում, և պետք է սպասել, մինչև իրավիճակը մի փոքր հանդարտվի և հարթվի։

Իմ գործընկերների հետ մշտական ​​շփումներից ես գիտեմ, որ երկու կողմերն էլ անկեղծորեն հասկանում և ձգտում են խաղաղության և բարգավաճման, ինչին հնարավոր չէ հասնել հարևանների հետ հակամարտություններում ապրելով։ Սեպտեմբերյան ողբերգությունից գրեթե անմիջապես հետո ինձ հաջողվեց հանդիպել երկու կողմերի բանակցող իմ գործընկերների հետ դեմ առ դեմ։ Կողմերից ոչ ոք չէր ցանկանում իրադարձությունների նման զարգացում, սակայն լարվածության ու անվստահության մակարդակն այնքան է, որ կողմերից յուրաքանչյուրի ցանկացած անզգույշ գործողություն կարող է ունենալ այնպիսի հետևանքներ, որոնք ոչ ոք չէր ուզում։

Եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով աշխատանքի հենց սկզբից ռուսական կողմի մոտեցումը քննարկված բոլոր հարցերի նկատմամբ եղել է չափազանց միանշանակ և հստակ՝ բանակցությունների միջոցով ապահովել երեք երկրների ղեկավարների կողմից համաձայնեցված նպատակի իրագործումը։ Դա այդպես էլ մնում է։

Երկու տարուց էլ քիչ ժամանակում շատ քրտնաջան աշխատանք է կատարվել։ Արդյունքում՝ բանակցողները երթուղիների տեսլական ունեն, որոնց իրականացումը կարող է հանգեցնել տարածաշրջանի ապաշրջափակմանը։

Սակայն ճանապարհների բացումը կամ կառուցումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ կողմերը հստակ սահմանեն երկրների միջև սահմանը հատելու իրավական ռեժիմը, ինչպես նաև այդ ճանապարհներով երթևեկությունը։ Կարևոր է, որ բանակցությունների ընթացքում մշակվել է մի սկզբունք, որը հիմք է եղել այս ռեժիմի սահմանման մոտեցումների։ Սկզբունքն է՝ «ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացնում է այն երկիրը, որի տարածքով է անցնում ճանապարհը»։ Սա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ուրեմն դա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանական տարածքով, ուրեմն՝ ադրբեջանական։

Ռուսաստանը միշտ պաշտպանել է կողմերի ինքնիշխանության սկզբունքը և հստակ կանգնած է երեք երկրների ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների դիրքորոշումների վրա: Դա նշանակում է, որ փոխվարչապետերի Եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում խոսք չկա և չի կարող լինել որևէ «արտատարածքային միջանցքի» մասին, որը որևէ կերպ կխախտի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը։

Գործնականում այս սկզբունքի իրականացումը նշանակում է, որ Ադրբեջանից Հայաստանի տարածք ապաշրջափակված կամ նորակառույց ճանապարհներով մուտք գործելու համար սահմանային և անձնագրային հսկողության միջոցառումները կլինեն նույնը, ինչ, օրինակ, Իրանից Հայաստան մուտք գործելիս։ Նմանապես, անձնագրային հսկողությունը կլինի Հայաստանից Ադրբեջան մուտքի մոտ։ Բացի այդ, քննարկվում են կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան ճանապարհների օգտագործման համար վճարելու, ինչպես նաև մեկ երկրի քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգության ապահովման հարցերը մեկ այլ երկրի տարածքով։

Թվում է, թե բոլոր կողմերն այսօր հասկանում են այդ խնդիրների գործնական իրականացման հնարավորությունը՝ առանց որևէ կողմի ինքնիշխանության ոտնահարման։ Սակայն բանակցությունները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ լիակատար վստահություն լինի, որ բոլոր իրավական ասպեկտները հաշվի են առնված, ոչինչ բաց թողնված չէ, և ոչ ոք ձեռք բերված արդյունքը չի մեկնաբանում որպես հաղթանակ հակառակ կողմի նկատմամբ։ Բանակցությունների հաջող ավարտը ընդհանուր հաղթանակ կլինի դրանց բոլոր մասնակիցների համար։

– Այսինքն՝ Եռակողմ աշխատանքային խումբն աշխատում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու ռեժիմը լինի նույնը, ինչ սովորաբար տեսնում ենք նորմալ հարաբերություններ ունեցող երկրների միջև՞։

– Ճիշտ այդպես: Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ։

Այո, բայց չէ՞ որ դեռ պետք է համաձայնեցնել մաքսային հսկողության ընթացակարգերը։ Ինչպե՞ս է առաջարկվում լուծել այս խնդիրը։

– Իհարկե, ավելի հեշտ կլիներ, եթե բանակցությունների բոլոր մասնակիցները լինեին ԵԱՏՄ անդամ երկրներ։ Ի վերջո, Միության ներսում վերահսկողություն չկա՝ բացի անձնագրային վերահսկողությունից։ Ո՛չ մաքսային, ո՛չ տրանսպորտային, ո՛չ սանիտարական ստուգման. տրանսպորտային հսկողությունը արտաքին սահման տեղափոխելու և ապրանքների փոխադրման միասնական սակագների ժամանակին ներդրման շնորհիվ հնարավոր եղավ էականորեն կրճատել ապրանքների տեղաշարժի ժամանակը և ապրանքների տեղափոխման ծախքերը։ Այսպիսով, շատ լավ ներուժ կա քննարկվող տրանսպորտային և լոգիստիկ լուծումների տնտեսական գրավչությունը բարձրացնելու համար։

Այժմ բանակցությունների ընթացքում մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ ընդհանուր մաքսային տարածքում են։ Մեզ համար Հայաստանի մաքսային սահմանը Ռուսաստանի մաքսային սահմանն է, իսկ Ռուսաստանի մաքսային սահմանը Հայաստանի մաքսային սահմանն է։ Սա ակնհայտ է, և մեզ մոտ ինչ-որ տեղ ընդունված չէ խոսել ակնհայտ բաների մասին, բայց դա շատ կարևոր է, քանի որ դրանով է պայմանավորված Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի սահմանների մաքսային կարգավորմանը։ Միևնույն ժամանակ, մենք կարևորում ենք մեր լավ և սերտ հարաբերությունները Ադրբեջանի հետ, ինչը մեզ, ինչպես ոչ ոքի, եզակի հնարավորություն է տալիս կառուցելու Հարավային Կովկասում համագործակցության ողջ խաղաղ ճարտարապետությունը։

– Այսինքն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ​​սահմանները հատելու հարցում անհրաժեշտ է հաշվի առնել վերջինիս անդամակցությունը ԵԱՏՄ-ի՞ն։

– Իհարկե: Մեր բոլոր պայմանավորվածությունները կառուցված են հենց այս գործոնով: Միևնույն ժամանակ, մենք ձգտում ենք առավելագույնի հասցնել տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը, որոնք հեշտացնում են մարդկանց և ապրանքների կողմից սահմանի հատումը պատվիրատուի տեսանկյունից: Կարծում եմ, որ քննարկված տեխնոլոգիական լուծումները հետագայում կարող են օրինակ դառնալ ԵԱՏՄ մաքսային սահմանի այլ հատվածներում օգտագործելու համար։

Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը միանշանակ դրական է բոլոր կողմերի համար: Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն կունենան Հայաստանի տարածքով մեկնել Նախիջևան և վերադառնալ։ Իսկ Հայաստանը, վերջապես, ձեռք կբերի Ադրբեջանի Հանրապետության տարածքով դեպի Ռուսաստան, Իրան, Կենտրոնական Ասիա և հակառակ ուղղությամբ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժի հնարավորություն։ Եվ այս փոխադարձ շարժումը, առևտրի և մարդկային կապերի զարգացումը, ինչպես ասացի, թույլ կտա վերջապես մեզ սկսել բուժել երկարաժամկետ վերքերը հարավկովկասյան տարածաշրջանում։ Մենք աշխատում ենք, որպեսզի դա տեղի ունենա:

Թարգմանությունը՝ Մարիա Եղիազարյանի