Ժոզե Մոուրինյոն Նուրի Շահինին խորհուրդ է տալիս տեղափոխվել Լիվերպուլ

Արդեն բազմիցս տեղեկացրել ենք, որ Մադրիդի «Ռեալի» թուրք կիսապաշտպան Նուրի Շահինն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի անգլիական Պրեմիեր լիգայում: «Ռեալի» ղեկավարությունը չի ցանկանում վաճառել տաղանդավոր ֆուտբոլիստին: Թեև նա այսօր տեղ չունի «արքայական» ակումբի հիմնական կազմում, բայց ընդամենը 23 տարեկան է և մինչև 2017 թվականը պայմանագիր ունի մադրիդցիների հետ: Հետևաբար 1-2 մրցաշրջան այլ ակումբներում վարձավճարով անցկացնելուց հետո Շահինը կարող է վերադառնալ «Ռեալ» և շատ օգտակար լինել թիմին:

Թուրք ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Արսենալ» և խաղալ Ռոբին վան Պերսիի ու Սանտի Կասորլայի հետ, սակայն «Ռեալի» գլխավոր մարզիչը նրան խորհուրդ է տալիս ընտրել «Լիվերպուլը»: Մոուրինյոն ժամանակին աշխատել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի հետ: Երբ պորտուգալացին «Չելսիի» գլխավոր մարզիչն էր, Ռոջերսը մարզում էր «ազնվականների» 2-րդ թիմը: Marca-ի հաղորդմամբ` Մոուրինյոն վստահում է Ռոջերսին և կասկած չունի, որ նրա թիմում Շահինը խաղային պրակտիկայի խնդիր չի ունենա:

Մեկնաբանել