Հայ-ադրբեջանական սահմանազատման համար քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը․ Լավրով

Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանազատման համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այժմ քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների իրագործման համար, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և, ընդհանուր առմամբ, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար, ներառյալ համապատասխան պայմանագրի ստորագրումը»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը կարծում է նաև, որ «ԱՊՀ-ի կողմից աջակցությունը նույնպես կարող է պահանջված լինել»:

Սեպտեմբերի 29-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու թեման, ասել էր, թե անհնար է իրականը փոխարինել երևակայական բանով․ «Մենք տեսնում ենք մի շարք ոչ տարածաշրջանային խաղացողների փորձերը՝ անկայունություն մտցնելու տարածաշրջանում, որը նոր-նոր, իրավական շրջանակներում ձևակերպված, հնարավորություն է ստացել դուրս գալու ձգձգվող ճգնաժամից․․․ կամ Ուկրաինայում անկայունությունը տեղափոխել հետխորհրդային տարածքի այլ հատված, այդ թվում՝ Հարավային Կովկաս»,- ասել էր Զախարովան։

Մեկնաբանել