Հայաստանն ու արևմտյան երկրները․ սեպտեմբերի 13-ից հետո շփումների ժամանակագրությունը

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիայի ու դրան հաջորդած ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները ինտենսիվ հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել արևմտյան մի շարք երկրների տարբեր պաշտոնատար անձանց հետ։ Հայաստան են ժամանել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակը, Հունաստանի արտգործնախարարը։ Սիվիլնեթը մեկտեղել է այդ շփումների ժամանակագրությունն ու բովանդակությունը.

Սեպտեմբերի 13

Սեպտեմբերի 13-ին՝ ռազմական ագրեսիայից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի մանրամասները, իսկ Բլինքենը անթույլատրելի է համարել իրավիճակի հետագա լարումն ու պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել իրավիճակի կայունացման ուղղությամբ։

Նույն օրը Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Սեպտեմբերի 13-ի մյուս հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ էր, որն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը։

Նույն օրը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ՝ ներկայացնելով ադրբեջանական ագրեսիայի մանրամասները։

Նույն օրվա ընթացքում Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել նաև ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, ինչպես նաև Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի հետ․ երկուստեք կարևորվել է Հայաստանի տարածքային ամբողջականության անվերապահ պահպանումն ու հրադադարի ռեժիմի խիստ հարգումը։

Սեպտեմբերի 15

Սեպտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Նույն օրը ԵՄ պաշտոնյային ընդունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սեպտեմբերի 15-ին Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի, ինչպես նաև Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիի հետ։

Սեպտեմբերի 15-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Այդ խոսակցության ժամանակ Քահլը հայտնել է ԱՄՆ դիրքորոշումն առ այն, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը սակարկման առարկա չպետք է լինեն:

Սեպտեմբերի 16

Այս օրը Նիկոլ Փաշինյանը նորից հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Նույն օրը կայացել է ադրբեջանական հարձակումից հետո Փաշինյանի ու Մակրոնի երկրորդ զրույցը, որի ժամանակ Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը։ Միջազգային մամուլում տեղեկություններ են տարածվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարելիք այցի մասին։

Սեպտեմբերի 17

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Սեպտեմբերի 18

Հայաստան է ժամանել Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը։ Նա երբևէ Հայաստան ժամանած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է։ ԱԺ նախագահի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Փելոսին հայտարարել է՝ դատապարտում են Ադրբեջանի մահացու հարձակումները Հայաստանի վրա։ Փելոսին նաև ասել է, որ Երևանին են փոխանցել հզոր ուղերձ՝ ժողովրդավարությանն ու անվտանգությանն աջակցելու մասին։

Նույն օրը Փելոսին հանդիպել է Փաշինյանին, հետո այցելել ՀՀ պաշտպանության նախարարություն ու հանդիպում ունեցել Սուրեն Պապիկյանի հետ։

Սեպտեմբերի 20-26

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու-Յորք է մեկնել Նիկոլ Փաշինյանը, նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Այցի շրջանակում վերջինս հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների արտգործնախարարների, այդ թվում՝ Բելգիայի, Հունաստանի, Կիպրոսի, Լեհաստանի, Ավստրիայի, Սերբիայի, Ճապոնիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում հանդիպումներ է ուենցել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, ինչպես նաև պետքարտուղար Բլինքենի ու Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Սեպտեմբերի 26

Կառավարությունը հաղորդել է, որ սեպտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է՝ Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել է վերադառնալ ելման դիրքեր, և սահմանի սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում դեպի մյուս երկրի տարածք։

Սեպտեմբերի 27

Հայաստան է ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը Դենդիասը կարևորել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը. «Ես ասում եմ հետևյալը՝ սահմանները վերանայելու փորձերը կձախողվեն»։ Դենդիասը հանդիպել է նաև Փաշինյանին։

Սեպտեմբերի 28

Ֆրանսիա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և հանդիպել իր պաշտոնակից Սեբաստիան Լըքորնյուին։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ տարածքից։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի ՊՆ-ի պատվիրակություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով։

Մկրտիչ Կարապետյան