Ով է պատասխանատու «Սուրմալու» առևտրի կենտրոնում շինության մասնակի փլուզման համար. ԱԻՆ պարզաբանումը

Փլուզում Սուրմալուում․ իրավիճակի մասին առևտրի կենտրոնից

Գևորգ Թոսունյան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը պնդում է, թե իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ արել է՝ կանխելու «Սուրմալու» առևտրի կենտրոնի՝ պայթյունից վնասված շինության փլուզումը։ Սեպտեմբերի 21-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի՝ պայթյունից վնասված շինությունը մասնակի փլուզվեց, ինչի հետևանքով տուժեցին քաղաքացիներ, վնասվեց գույք։

ՍիվիլՆեթը գրավոր հարցում էր ուղարկել ԱԻՆ՝ հասկանալու, թե ում անգործության հետևանքով է փլուզում եղել «Սուլմալու» առևտրի կենտրոնի շենքում։

Արտակարգ իրավիճակների նախարարության պարզաբանմամբ՝ գերատեսչությունը փրկարարական աշխատանքները տեղում ավարտել է 2022-ի օգոստոսի 24-ին։ Այնուհետև ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացել է տարածքի ու շինության զննություն։ Այն ուղարկվել է Երևանի քաղաքապետարան, Քաղաքաշինության կոմիտե, ՀՀ ոստիկանություն և քննչական կոմիտե։

Զննության արդյունքում պարզվել է, որ պայթյունի հետևանքով փլուզվել են ինչպես հիմնական մասնաշենքի մի հատվածամասի, այնպես էլ երկհարկանի շինության գլխավոր ճակատի կառուցատարրերը:

Նշվել է նաև, որ «Շենքի չփլուզված հատվածամասի կրող կոնստրուկտիվ տարրերը պայթյունի հետևանքով ձևախախտվել են և ենթակա չեն վերականգնման: Արձանագրվել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կիսափլուզված մասնաշենքին կից առկա է նաև երկհարկ շինություն, որի գլխավոր ճակատի կրող կոնստրուկտիվ տարրերը մասանակի փլուզված են, և շինության ընդհանուր տեխնիկական վիճակը գնահատվում է վթարային, առկա է ինքնափլուզման վտանգ։

Այս և այլ հանգամանքներ նկատի առնելով՝ ՊՈԱԿ-ն առաջարկել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում փլուզված և կիսափլուզված շենքերի շուրջը ստեղծել անվտանգության գոտի և արգելել մարդկանց ելումուտը: Ըստ զննության արդյունքների՝ «օգոտոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի հիմնական մասնաշենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասված շենքները և շինությունները ենթակա չեն վերականգնման և վերակառուցման, ուստի անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ է իրականացնել դրանց ապամոնտաժումը»:

Եռահարկ շինության ապամոնտաժումը խորհուրդ է տրվել իրականացնել նաև պայթեցման եղանակով: