Տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գեղամ Շահբազյանն ազատվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։

***

Oգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել էր եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ «Սուրմալու» շուկայում պայթել էր հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ Պայթյունի հետևանքով զոհվել էր 16 քաղաքացի, անհետ կորած համարվող մեկ քաղաքացու մարմինը կամ նրա մասունքները չեն հայտնաբերվել։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի առիթով հայտնել էր, որ 2021-ի մարտի 9-ից 16-ը ստուգումներ են իրականացվել առևտրի և հասարակական սննդի օբյեկտներում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ։ Ստուգման արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավելի տարբեր բնույթի խախտումներ: Ստուգումից մինչև պայթյունի օրն ընկած շուրջ մեկուկես տարվա ընթացում, սակայն տեսչական մարմնի մասնագետները չէին այցելել առևտրի կենտրոն՝ հայտնաբերված խախատումների վերացման ընթացքին հետևելու համար։