Կաթողիկոսը նախապատրաստում է Հայաստանի և Արցախի նախկին նախագահների նոր հանդիպում

Հայաստանի և Արցախի նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ, տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը:

Նա հաստատում է, որ երեկ՝ սեպտեմբերի 30-ին, տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

«Առանձնազրույցի բովանդակության և նաև վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են։ Կարծում ենք, որ այս ամենը նպատակ է հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը»,- գրել է Արթենյանը։

Կաթողիկոսի և առաջին նախագահի հանդիպման մասին նաև գրառում է կատարել նաև Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ Առաջին նախագահը քառասուն տարվա գործընկերներ են Գևորգյան ճեմարանում և «Էջմիածին» ամսագրում համատեղ աշխատանքի ժամանակներից։ Ուստի, նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն։ Ինչ վերաբերում է «Լայֆ Երևան» Տելեգրամյան ալիքի այսօրվա հրապարակած հորինվածքներին, դրանք պարզապես միտված են իշխանության և ընդդիմության հնարավոր երկխոսության վիժեցմանը»,- գրել է նա։

Տելեգրամյան ալիքը գրել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու առաջին նախագահը քննարկել են առաջին հանդիպումից հետո երեք նախագահների արած հայտարարությունները․ «Մեզ նաև հայտնի է դարձել, որ զրույցի ընթացքում Կաթողիկոսն իր համաձայնությունն է հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած որոշ թեզերի հանդեպ` նշելով, որ իշխանափոխության խնդիրն իր համար էլ միանշանակ չէ»: Ալիքը հայտնում է նաև, որ «Նիկոլ Փաշինյանը դեմ չէ հանդիպել նախկին նախագահների և Վեհափառի հետ»։