Նույնիսկ ամենահասցեական հայտարարությունները չեն կարող զսպել Ալիևի ախորժակը

Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին լայնածավալ հարձակումից հետո իրավիճակը տարածաշրջանում շարունակում է լարված մնալ: Բաքուն Հայաստանի առաջ հստակ պահանջներ է դրել և ռազմական գործողությունների վերսկսման սպառալիքի ներքո փորձում է հասնել դրանց կատարմանը:

Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, վերջնագրեր է դրել Հայաստանի իշխանությունների առաջ այսպես կոչված խաղաղության պայմանագրի և Զանգեզուրի միջանցքի հարցերում: Պետք է նաև նշել, որ Բաքուն վերոնշյալ օրակարգերի վերաբերյալ Երևանից պատասխաններ է ակնկալում շատ սեղմ ժամկետներում: Այդ առումով իրադարձությունները կարող են անկանխատեսելի բնույթ ստանալ արդեն իսկ մոտակա շաբաթների կամ նույնիսկ օրերի ընթացքում:

Հայաստանի իշխանությունների համար առանցքային նշանակություն ունի հենց միջանցքի հարցը: Սա այս փուլում նույնիսկ ավելի կարևոր խնդիր է համարվում, քան խաղաղության պայմանագրի օրակարգը: Երևանը բացառում է Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի ստեղծումը և այս դիրքորոշումը կարմիր գիծ է հայտարարել: Պատահական չէ, որ վերջին օրերին Հայաստանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ իրենց հայտարարություններում շեշտում են, որ պատրաստ են բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այսօրինակ շեշտադրումները հավանաբար պատասխան են ադրբեջանական վերջնագրերին:

Դաշնակցային երաշխիքների բացակայության ու ռազմական լուրջ դիսբալանսի առկայության պարագայում Երևանը փորձում է Արևմուտքի հետ ակտիվ աշխատանքի միջոցով կանխել նոր ռազմական բախումը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում մասնակցելուց հետո՝ սեպտեմբերի 26-ին, մեկնել է Փարիզ և հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հայաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ֆրանսիայի նախագահը բավական հստակ գնահատականներ է տվել ադրբեջանական ագրեսիային` ևս մեկ անգամ Բաքվին կոչ անելով Հայաստանի տարածք ներխուժած ուժերը ելման դիրքեր վերադարձնել:

Այդ ասուլիսի ընթացքում Փաշինյանը հայտարարեց ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ ու սահմանային գոտի դիտորդական առաքելություն ուղարկելու անհրաժեշտության մասին, որը, ըստ նրա, կօգնի որ միջազգային հանրությունն ուղիղ և ոչ թե միջնորդավորված տեղեկություններ ստանա ստեղծված իրավիճակի մասին: Երկու օր անց Փաշինյանը նաև նմանատիպ բովանդակությամբ գրառում կատարեց թվիթերյան իր էջում, իսկ սեպտեմբերի 29-ի կառավարության նիստում հայտարարեց, որ Երևանը միջազգային գործընկերներին որպես լուծում առաջարկում է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել։

Հայ-ադրբեջանական սահմանային գոտում միջազգային դիտորդների տեղակայման անհրաժեշտության մասին Փաշինյանի հայտարարությունը, ինչպես և ակնկալվում էր, բացասական արձագանքի արժանացավ Մոսկվայում: Ռուսաստանը նախկինում ևս Երևանին հստակ ուղերձ էր հղում, որ դժգոհ է տարածաշրջանում միջազգային դիտորդների կամ այլ ուժերի տեղակայման հնարավորության վերաբերյալ հայտարարություններից:

Այս անգամ ևս Մոսկվայի ուղերձը հստակ էր: Փաշինյանի այս հայտարարությանը արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ Մոսկվան հանդես է գալիս բոլոր այն պայմանավորվածությունների խստիվ կատարման օգտին, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից՝ հակամարտությունը լուծելու համար: Նրա հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Այնտեղ նախատեսված շատ բան։ Կա և տեսություն, և պրակտիկա, կա կատարվածի արձանագրություն և ապագայի պլան։ Այդ փաստաթղթերը համաձայնեցված են ոչ միայն միջնորդի և յուրաքանչյուր առանձին երկրի միջև, այլ այն երկրների միջև, որոնք այս երկար հակամարտության պատմության մի մասն են: Ահա թե ինչու են դրանք անգնահատելի, և իրականում ներկայացնում են իրական, ոչ թե մտացածին ճանապարհային քարտեզ: Կարծում եմ, որ շատ մարդիկ՝ քաղաքական, հասարակական գործիչներ, թե՛ համաձայնագրով միավորված պետությունների ներսում, թե՛ հատկապես Հայաստանում ու Ադրբեջանում, թե՛ դրսում, ցանկանում են իրենցով կամ իրենց պատկերացումներով փոխարինել այն, ինչի մասին պայմանավորվել են»:

Մոսկվայի այսպիսի բացասական արձագանքը օրինաչափ է: Ռուսաստանը հայ-ադրբեջանական հակամարտությունը և Հարավային Կովկասը իր մենաշնորհային գոտին է համարում և չի ցանկանում հանդուրժել արտաքին ուժերի ակտիվ ներգրավումը այս համատեքստում ընթացող գործընթացներում: Հատկապես, եթե խոսք է գնում գետնի վրա ներկայության մասին: Ռուսաստանի հնարավոր հակազդեցությունը հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայմանը այդ գործընթացը քիչ հավանական է դարձնում:

Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ առկա իրավիճակում Երևանը շարունակելու է արևմտյան գործընկերների հետ ակտիվ աշխատանքը առաջնահերթություն համարել: Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը կարճաժամկետ կտրվածքով նոր էսկալացիան կանխելու միակ միջոցն է: Սակայն կարևոր է, որ այդ ճնշումը ոչ միայն հայտարարությունների ու հեռախոսազանգերի տեսքով լինի, այլև Ադրբեջանի համար կոնկրետ հետևանքների սպառնալիքի տեսքով: Այս փուլում նույնիսկ ամենահասցեական հայտարարությունները չեն կարող զսպել Ալիևի ախորժակը:

Մեկնաբանել