Պուտինը ստորագրեց Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն և Խերսոնը Ռուսաստանին միացնելու պայմանագրերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ղեկավարները ստորագրել են այդ շրջանները Ռուսաստանին միացնելու մասին պայմանագրեր:

Շրջանների՝ Ռուսաստանին կազմում ընդգրկելու արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Կրեմլի Գեորգիևյան դահլիճում։

Փաստաթղթերի ստորագրումից առաջ Պուտինը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ Ռուսաստանն ապահովելու է Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի անվտանգությունը և օգնելու է վերականգնել ենթակառուցվածքները. «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ), Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ), Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները ընդմիշտ դառնում են մեր քաղաքացիները»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև ասել է, որ պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ։ Նա Կիևին կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները և վերադառնալ բանակցություններին․ «Կիևը պետք է հարգանքով վերաբերվի ԴԺՀ, ԼԺՀ, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ընտրությանը, միայն դա կարող է լինել խաղաղության ճանապարհը»։

Սեպտեմբերի 23-27-ը ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում տեղի էին ունեցել Ռուսաստանի կազմում ընդգրկվելու վերաբերյալ հանրաքվեներ։ Նշված բոլոր շրջաններում քվեարկողների ճնշող մեծամասնությունը կողմ էր արտահայտվել։

Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Դոնբասում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին: Ռուսական կողմի պնդմամբ՝ նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է։ Ռուսական ուժերը մինչ օրս կարողացել են գրավել Լուգանսկի և Խերսոնի մարզերը, Զապորոժիեի մեծ մասը և Դոնեցկի մոտ 60 տոկոսը։

Մեկնաբանել