Իշխանությունը պատրաստ է կրել երկրի ճակատագրի համար պատասխանատվությունը․ Փաշինյանը՝ նախագահների հետ հանդիպելու մասին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղիղ եթերում պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին, անդրադարձավ նաև կաթողիկոսի նախաձեռնությամբ Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների հանդիպմանը և Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ապագայում կնքվելիք պայմանագրի պատասխանատվությունը միասին կիսելու առաջարկին։

«Պետք է հասկանալ, թե ինչ է հստակ նկատի առնվում։ Եթե կա այնպիսի համատեքստ, թե իշխանությունը ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել, և նրան պետք է օգնել, պատասխանատվություն վերցնել, ես կարող եմ ասել, որ իշխանությունը և անձամբ ես գիտակցում ենք երկրի ճակատագրի հանդեպ ունեցած պատասխանատվությունը, և պատրաստ ենք այն կրել, և այդ պատասխանատվությունը մենք ստացել ենք նաև մեր ժողովրդից»,- նշեց նա։

Ըստ Փաշինյանի՝ կա կարծիք, որ բանակցային գործընթացին տեղյակ է մարդկանց նեղ շրջանակ։

«Դա թյուրիմացություն է, որովհետև բանակցային գործընթացի մասին տառերի, նախադասությունների մակարդակով տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ։ Մենք խորհրդարանական երկիր ենք, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ամբողջովին տեղյակ է , անվտանգության խորհուրդը ամբողջությամբ տեղյակ է, ԼՂ իշխանությունները ամբողջությամբ տեղյակ են ։

Ես ճիշտ եմ համարում, որ ես պետք է տեղյակ պահեմ ԼՂ նախագահին, ես գիտեմ, որ նա էլ իր հերթին տեղյակ է պահում առնվազն ԱԽ-ին և ըստ էության նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։ Ուզում եմ ընդգծել, որ ձեր նշած խորհրդակցության անդամների մի մասը, իմ կարծիքով, ամբողջությամբ տեղյակ է բանակցային պրոցեսից , մյուս մասը տեղյակ լինելու հնարավորություն միշտ էլ ունեցել է, որովհետև ես միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել մասնավորապես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնել բանակցությունները ամբողջությամբ։ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը համապատասխանաբար երկու խմբակցությունների լիդերներ են, նրանք հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը նույնպես ըստ էության հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը, որովհետև ես այն կիսում եմ նաև արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ, և ժամանակին նաև հրավեր է եղել նրա ղեկավարած Հայ ազգային կոնգրեսին մասնակցել այդ ֆորմատին, և նարնք հրաժարվել են», պարզաբանեց Փաշինյանը։

Փաշինյանը հավելեց նաև, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ևս անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին հրավիրել է արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին և տեղյակ պահել գործողությունների մասին։ Փաշինյանի խոսքով՝ դա արել է ոչ թե պատասխանատվությունը կիսելու նպատակով, այլ նրանց միջոցով ժողովրդին տեղյակ պահելու համար։

«Բնականաբար եթե կան քաղաքական ուժեր, որոնք կուզեն իրենց ներդրումն ունենալ Հայաստանի շուրջ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու գործում, կարող են նպաստել դա, տեղեկատվությունը փակ չէ այդ ուժերի համար»,- ավելացրեց ՀՀ վարչապետը։

Մեկնաբանել