Խաղաղության պայմանգրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է և չլինել․ Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 2-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում Հանրային հեռուստաընկերության հարցերին պատասխանելիս։

Ըստ նրա՝ նախարարները պետք է սկսեն առարկայական բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի արդեն տեքստի մշակման շուրջ։

«Խնդիրն այն է, որ էսօր սեղանին ոչ մի ստորագրման թուղթ չկա, որովհետև եթե լիներ, դա կլիներ շատ լավ, դա կնշանակեր, որ մենք աշխատանքի արդյունքում կարողացել ենք հասնել մի տեքստի, որի շուրջ մտածելու բան կա։ Եվ եթե նախագիծ կա, էդ նախագծերը մեր կողմից են պատրաստված, մասնավորապես տարածաշրջանայաին կոմունիկացիաների բացման վերաբերյալ»,- ասաց նա։

Բովանդակության մասին պատկերացումները

«Ես ասում եմ՝ ՀՀ-ն 29800 կմ քառակուսին է, որովհետև ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանը 29800 կմ² է։ Հիմա էս արձանագրումից հետո ինչո՞ւ պիտի որևէ մեկը անվանի դավաճան, և ո՞վ է այդ մեկը, որը համարում է՝ Հայաստանի տարածքը իրականում 300 հազար կմ² է, և մենք պետք է որևէ սահման չճանաչենք, քանի դեռ չենք հասել 300 հազար կմ²-ին։

Խաղաղության պայմանագրի հիմքում մեր ըմբռնմամբ պետք է լինի, և դա տրամաբանական է, Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը։ Եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, որը հիմնված է 1991-ի դեկտեմբերի 18-ին Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու համաձայնագրի վրա, մենք պատրաստ ենք այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման։

Մինչև հիմա Ադրբեջանից չկա արձագանք, որ պատրաստ են այդ հենքի վրա ստորագրել խաղաղության համաձայնագիր։

Սահմանների դեմարկացիան առանձին գործընթաց է, բայց դելիմիտացիան շատ արագ կարելի է իրակացնել, որովհետև այդ սահմանները հայտնի են, որից հետո մեր պատկերացրած հաջորդ կոմպոնենտը հետևյալն է, որ պետք է սահմանից զորքերի հետքաշում տեղի ունենա, սահմանային անվտանգության երաշխավորման մեխանիզմ պետք է գործի և միջազգային մոնիթորինգային որոշակի մեխանիզմ լինի»։

Արցախը և խաղաղության պայմանագիրը

«Կա էդպիսի գաղափար, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանգիրը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից։ Մեր ընկալումն այն է, որ խաղաղության պայմանգրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է և չլինել։

Մենք կարծում ենք նաև, որ այո՛, Հայստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճաաչել և պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը , իսկ Ղարաբաղյան հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով։

Մեր կարծիքը ի սկզբանե եղել է ա յն, որ ԼՂ -ն պետք է լինի Ղարաբաղի հարցով հիմնական բանակցողը և շահառուն, և մենք շարունակում ենք այդպես մտածել»։