Սա քաղաքական հետապնդում է. ՀԱԿ ակտիվիստների ներկայացուցիչ

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` դատախազին ուղղված բողոքը վերաբերվում է անցած տարվա օգոստոսին Կարապի լճի շրջակայքում հայտնի աղմկահարույց միջադեպի առնչությամբ մեղադրվող 7 ակտիվիստներից երեքի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմանը. Արեգ Գևորգյանի, Վահագն Գևորգյանի և Սահակ Մուրադյանի հետապնդումը օրեր առաջ դադարեցվել է այն հիմնավորմամբ, որ «հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունն ապացուցված չէ»:

Սա այն նույն գործն է, որով մյուս 4 ակտիվիստները՝ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը հուլիսի 20-ին դատապարտվեցին 6, 3 և 2-ական տարվա ազատազրկման: Ընդ որում, բացի Առաքելյանից ու Կարապետյանից, մյուս 5-ը (այդ թվում արդարացված երեք երիտասարդները) մեղադրվում էին Քրեական օրենսգրքի նույն հոդվածով՝ խուլիգանության մեջ:

ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը նշել է, որ 7 ակտիվիստների գործի հիմքում էլ ընկած են նույն մարդկանց նույն ցուցմունքները, անհասկանալի է համարել, թե ինչ տրամաբանությամբ են քննչական մարմինն ու դատարանը տարբերակված մոտեցում ցուցաբերել և երիտասարդների մի մասին ծանր պատժի՝ ազատազրկման դատապարտել, մյուս մասին` արդարացրել:

«Նույն վկաների ցուցմունքներով, նույն ոստիկանների զեկուցագրերով է հարուցվել քրեական գործ ու առաջադրվել մեղադրանք բոլոր յոթին, – շարունակել է նա, – տուժողների ու ոստիկանների մեծ մասը դատաքննության ժամանակ այս երեքին էլ էին նշում, որ կատարել են նմանատիպ գործողություններ: Ակնհայտ է, որ դրանք կեղծ, հորինված ցուցմունքներ էին, բայց նրանք տվել են այդ ցուցմունքները: Եվ մի դեպքում այդ նույն վկաների ցուցմունքները դատարանը համարել է հիմնավորված ապացույց, մյուս դեպքում քննիչը դրանք չի համարել բավարար ապացույց, որպեսզի մեղադրական եզրակացություն կազմի եւ երեքի մասով գործը դատարան ուղարկի: Ե´վ կայացված մեղադրական դատական ակտը, ե´ւ այս որոշումը նշանակում են ընդամենը մեկ բան. որ մենք իրավական հարթությունում գործող իրավական կատեգորիաների հետ գործ չունենք, սրանք քաղաքական որոշումներ են, երկուսն իրար հետ ապացուցում են հետապնդման քաղաքական լինելը»:

Հիշեցնենք, Կարապի լճի շրջակայքում այս հայտնի միջադեպի առնչությամբ ի սկզբանե 7 երիտասարդներն էլ ձերբակալվել էին, հետո, բացի Տիգրան Առաքելյանից, մյուսներն ազատվել են չհեռանալու մասին ստորագրությամբ: Այնուհետև երեք ակտիվիստների մասով քրեական գործից մաս անջատվել է, մյուս 4-ի մասով գործը գնացել է դատարան, և շուտով կայացվել է ազատազրկման դատավճիռ: Վահագն Գևորգյանի, Արեգ Գևորգյանի և Սահակ Մուրադյանի գործը 7-ի գործից անջատելու պաշտոնական հիմնավորումն այն էր, որ ի տարբերություն մյուսների, նրանց առաջադրված մեղադրանքը հիմնավորելու համար նախաքննությունը շարունակելու անհրաժեշտություն կար:

Մինչդեռ Արմեն Խաչատրյանը քննչական մարմնի այս քայլը ևս որակել է «պատվերի շրջանակներում»` ուշադրություն հրավիրելով, որ անջատված մասով գործը կարճվել է մյուսների ազատազրկման դատավճռից ընդամենը 5 օր անց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ մաս անջատելուց հետո որևէ քննչական գործողություն այս երեք երիտասարդների առնվազն մասնակցությամբ չի կատարվել: Այսինքն քաղաքական որոշումն արդեն այն ժամանակ եղել է, թե ովքեր պետք է գնան դատարան, ովքեր՝ ոչ: Նախաքննությունը այս մասով մեռել է այնքան ժամանակ, մինչև էնտեղ կայացվել է դատական ակտ, ու դրանից անմիջապես հետո կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու այս որոշումը»:

Ինչ վերաբերվում է նույն գործով ազատազրկման դատապարտված 4 ակտիվիստներից 3-ին, ապա նրանք ազատության մեջ կմնան մինչև դատավճիռը բողոքարկելու գործընթացի ավարտը: Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին արդարացնելու պահանջով բողոքը առաջիկա օրերին կուղարկվի Վերաքննիչ դատարան:

Երկու տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Գևորգյանի խոսքով` իրենց համար անկանխատեսելի են իշխանությունների հետագա քայլերը. «Այստեղ տրամաբանություն գտնելը գրեթե անհնար է. կարող է մեզ կալանավորեն, կարող է ազատ արձակեն Տիգրան Առաքելյանին ևս… Կախված է «Բաղրամյան 26»-ի որոշումից»:

Ազատազրկման դատավճռի բողոքարկման ժամկետը մինչև օգոստոսի 21-ն է:

Մեկնաբանել